ՕԴԵՍԱՅԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏԸ ԿՐԿԻՆ ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ Է
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Օդեսայի նավահանգիստը, հացահատիկի ձեռնարկությունները և հարակից շրջանները կրկին դարձել են ռուսական հարձակումների թիրախ, դրանց հետևանով, նրա խոսքով, միայն այս շաբաթ ավելի քան 20 մարդ վիրավորվել է: Տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ այդ հարվածներին «պատասխան է լինելու»։ Նա զգուշացրել է, որ Ռուսաստանին թույլ չի տրվելու Սև ծովը վերածել կամայական գործողությունների և ահաբեկչության տարածքի։ «Կիևը գիտի, թե ինչպես պետք է պաշտպանի իր տարածքները, իսկ աշխարհը պատրաստակամ է շարունակելու աշխատել մեզ հետ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԹՍ-ՈՎ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՂՐԻՄԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԻ ՎՐԱ
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Կրասնո-գվարդեյսկի շրջանի բնակիչների մի մասը տարհանվելու է զինամթերքի պահեստում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո։ Նրա խոսքով որոշում է կայացվել արտակարգ իրավիճակների վայրից 5 կիլոմետր շառավղով բնակչությանը տարհանել ժամանակավոր տեղավորման կենտրոններ: Ղրիմի երկաթուղու երկայնքով երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ճանապարհն անցնում է այրվող պահեստից մոտ երկուսուկես կիլոմետր հեռու: «Մենք ակնկալում ենք, որ արտակարգ իրավիճակի հետևանքները կարճ ժամանակում կվերացվեն»,- ասել է Ակսյոնովը։
ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԳՆ
Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են Լեհաստանի ԱԳՆ՝ սյդ երկրի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության պատճառով՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։ Նրա խոսքով՝ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն նաև Լեհաստանի և նրա դաշնակիցների դեմ Մոսկվայի ոչ բարեկամական գործողությունների պատճառով։ Անդրադառնալով միջադեպին՝ Վարշավայում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ հադիպման ժամանակ ռուսական կողմը հակադարձել է Լեհաստանի արտգործնախարարությանը: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Իոսիֆ Ստալինի և ԽՍՀՄ շնորհիվ Լեհաստանը Գերմանիայից զգալի տարածքներ է ստացել:
ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱԳՐՈՂ Է ԶՈՀՎԵԼ
«ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը զոհվել է ուկրաինական հրթիռակոծության ժամանակ: Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների չորս աշխատակիցներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։ Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ:
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԵՐԸ
Այսօր առավոտից հազարավոր իսրայելցիներ շարունակում են իրենց երթը Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական համակարգի բարեփոխումների կառավարության ծրագրերի դեմ բողոքի. ցուցարարները վստահ են, որ բարեփոխումների արդյունքում կթուլանա երկրի ժողովրդավարական կառուցվածքը: Ակցիայի մասնակիցները կաթվածահար են արել Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղու երթևեկությունը: Ցուցարարների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր։ Նրանք նպատակ ունեն այսօր հասնել Իսրայելի խորհրդարան՝ շարունակելով անհնազանդության ակցիաները:
ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ՝ ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կնոջ թեկնածություն է առաջադրել ԱՄՆ ռազմածովային ուժերը գլխավորելու համար։ Ջո Բայդենն ընտրել է ծովակալ Լիզա Ֆրանչետիին։ Սպիտակ տան ղեկավարի ներկայացրած թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։ Հավանության արժանանալու դեպքում Լիզա Ֆրանչետին կլինի առաջին կինը, որը կդառնա բարձրաստիճան զինվորականների էլիտար խմբի անդամ, որոնք կազմում են Միացյալ շտաբը:
Ֆրանչետին Հարավային Կորեայում ԱՄՆ 6-րդ նավատորմի և ԱՄՆ նավատորմի նախկին հրամանատարն է և ծառայել է որպես ավիակրի հրամանատար։ Նա երկրորդ կինն է, որը ստացել է չորս աստղ ունեցող ծովակալի կոչում։