ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է.
«Մոսկվան վստահ է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կկարգավորվեն: Միանգամայն համոզված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի` սթափ մտածող քաղաքական գործիչները հենց այսպես խելամիտ ու պատասխանատու են մոտենում այն դիրքորոշմանը, որ առաջ է տանում Ռուսաստանը բոլոր փուլերում»:
Ռյաբկովը տեսակետ է հայտնել, որ իրենց ջանքերը ցանկալի արդյունքին կհասցնեն, և հարաբերությունները կկարգավորվեն: Ըստ փոխնախարարի` ՌԴ-ն, ի տարբերություն Արևմուտքի, փնտրում է միայն «կարգավորման կայուն բանաձև»:
«Չէինք ցանկանա, որ ինչ-որ մեկը մեր առաջարկներում նկատի աշխարհաքաղաքական մրցակցություն այսպես կոչված «հավաքական Արևմուտքի» հետ: Պատրաստ ենք օգնել կողմերին` գտնել այն կետը, որտեղ շահերը կհամընկնեն, և ուր արդյունքը կարող է ստանալ պարտադիր բնույթ կրող համաձայնագրի տեսք»,- ասել է նա:
Ռյաբկովի խոսքով` Ռուսաստանն արել և շարունակելու է անել ամեն հնարավորը` ցանկացած ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար, թեպետ հնարավորություններն անսահմանափակ չեն: