44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, գնդապետ Սևակ Աբրահամյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս հարցի քննարկման ժամանակ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը ասաց՝ վարույթին խոչընդոտելու ռիսկը պահպանվում է։
Վազգեն Վարդանյան (հանրային մեղադրող) - Հաշվի առնելով նաև մեղադրյալի` նախկինում զբաղեցրած դիրքը, հեղինակությունը, ունեցած դերը, սպայի բարձր աստիճանը, գտնում եմ, որ կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի եւս 3 ամսով, և այլընտրանքային խափանման միջոցը ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Ամբաստանյալի պաշտպան Արման Թամրազյանը նախ ապօրինի որակեց այս նիստում խափանման միջոցի հարցի քննարկումը, ապա առարկեց միջնորդության դեմ։ Ըստ նրա՝ կալանքի տակ պահելու ժամկետը չպետք է երկարաձգվի։
Արման Թամրազյան (Սևակ Աբրահամյանի պաշտպան) - Էդ 51 վկայից մեկի անունը ասեք ու ասեք` ինչի կգործադրի, ես ձեզ ապացուցեմ, որ չի գործադրի, որովհետև էդ վկայի ու Սևակ Աբրահամյանի ցուցմունքում հակասություն չկա։ Վկաների մեծ մասը ԼՂՀ-ում են գտնվում, ու դուք գիտեք, որ ճանապարհը փակ ա, հիմա դուք ասեք` ոնց ա Սևակ Աբրահամյանը Լաչինի միջանցքով գնալու Ղարաբաղ, էնտեղ էլ էդ վկային գտնի, վրան ազդի:
Ասաց՝ 51 վկաները մինչև հարցաքննվեն, 7 տարի կտևի, իսկ միչև նրանց հարցաքննությունը դատարանը պետք է հետազոտի ահռելի ծավալի տեսագրություններ և արձանագրություններ։ Սևակ Աբրահամյանը եւս դիրքորոշում հայտնեց, նշեց՝ եթե ցանկանար խոչընդոտել գործի քննությանը, չէր գա Հայաստան:
Սևակ Աբրահամյան (ամբաստանյալ) - Ինչ մեղադրանքում նշվել է, ես համաձայն չեմ ձևակերպումների հետ, ոչ մի վկայի հետ կապված ես հարց չունեմ:
Մինչև այս հարցի քննարկումը, հանրային մեղադրողն առարկեց նախորդ նիստում Թամրազյանի՝ այս գործով ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին դատարանում հարցաքննելու միջնորդության դեմ։ Ըստ մեղադրողի՝ դրանք վերդիկտ կայացնելու համար որևէ նշանակություն չունեն:
Վազգեն Վարդանյան - Պաշտպանական կողմից անընդհատ պատրանք է ստեղծվում, որ ինչ-որ անձինք կամ բարձրագույն հրամանատարական կազմը, այսպես ասած, իբրև թե կատարել են հանցավոր արարք, ու դրա համար մեղադրանք ա առաջադրվել Սևակ Աբրահամյանին: Ամենևին այդպես չի, Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը կամ մեղսագրված ենթադրյալ արարքի կատարումը շատ կոնկրետ ա:
Ըստ պաշտպանի` քննիչը նախաքննության ընթացքում Արայիկ Հարությունյանին հարցաքննել է, և եթե նման անհրաժեշտություն չի եղել, ապա ինչու որպես նրան հսկող դատախազ` Վազգեն Վարդանյանը չի արգելել.
«Դուք ցուցմունք ունեք, որի մեջ նշված ա տեղեկություն, որ Ջալալ Հարությունյանին Արայիկ Հարությունյանը 2 օր առաջ ասել ա, որ թուրքերը հարձակվելու են: Դուք դա դրել եք մեղադրանքի հիմքում: Չե՞ք ուզում Արայիկ Հարությունյանին հարցաքննենք, տեսնենք` դա իրականություն է, թե չէ»:
Մեղադրողը չառարկեց, որ դատարանում հետազոտվի մարտական քարտեզն ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքների վերլուծությունը: Պաշտպանը մի քանի հետազոտման ենթակա ապացույցներ էլ ներկայացրեց: Մասնավորապես, ըստ Թամրազյանի, դատարանում պետք է հետազոտվեն հետախուզական տեղեկագրերը, որում զետեղված են հակառակորդի շարժերի, ուժերի, գործողությունների վերաբերյալ տեղեկություններ:
Արման Թամրազյան - Հետախուզական տեղեկագրերում առկա տեղեկություններն են հենց ավելի արժեվորվող և էն կարգի տեղկություններ, որոնց հիման վրա հնարավոր էր հստակ եզրահանգել, թե` հակառակորդը հարձակվելու ա ի վերջո, թե ոչ:
Պաշտպանը միջնորդեց նաև հետազոտել Հայաստանի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի հրամանները, գաղտնի փաստաթղթերն ու դրանց զննության արձանագրությունները: Դատարանը որոշեց սկզբում հետազոտել գործում առկա ապացույցները, հետո հարցաքննել վկաներին, վերջում մեղադրյալին: Թե արդյոք ԼՂ նախագահն ու ԱԱԾ նախկին տնօրենը կհարցաքննվեն, այդպես էլ պարզ չդարձավ:
Սևակ Աբրահամյանը մեղադրվում է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու համար, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել հակառակորդի՝ սեպտեմբերի 27-ի հարձակումը: Ըստ գործի նյութերի՝ պատերազմի նախօրեին խնջույք է արել եւ, պարբերաբար տեղեկություններ ստանալով հակառակորդի մեծաքանակ ուժերի տեղաշարժի, կուտակումների մասին, իրավիճակից բխող կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ համապատասխան հանձնարարություններ չի տվել:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան