Երևանի քաղաքապետարանը ավտոբուսային պարկը թարմացնելուն զուգահեռ փոխել է Հարավարևմտյան թաղամասի հասարակական տրանսպորտի երթուղիներից մեկը, ինչը բնակիչների դժգոհությունն է առաջացրել: Նրանք պնդում են, որ իրենք ստիպված կրկնակի են վճարելու մի կետից մյուսը տեղափոխվելու համար: Քաղաքապետարանից էլ մեկնաբանում են, որ տվյալ հատվածը սեփական տների սեկտոր է, որտեղ ճանապարհների լայնությունը բավարար չէ, որպեսզի ավտոբուսներ անցնեն: Բայց վստահեցնում են՝ երբ գործի միասնական տոմսային համակարգը, կրկնակի տրանսպորտը չի նշանակի նաև կրկնակի վճար:
Բնակիչ - Շատ ենք նեղվում, որ չկա 28: Շատ անհրաժեշտ ա, ուսանող երեխա ունեմ, չի կարող գնալ Շրջանային: Ստիպված երկու տրանսպորտ պիտի փոխի, որ հասնի դասի:
Երևանի 28 համարի երթուղին, որ Հարավարևմտյան թաղամասը Կենտրոնով կապում էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին, հուլիսի 1-ից այլևս գազելներով չի սպասարկվում: Դրանք փոխարինվել են 40 համարի ավտոբուսներով, ու երթուղին արդեն չի անցնում Արարատյան զանգվածով: Այնինչ, ընդամենը մայիսի վերջին Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեղեկանքում այդպիսի փոփոխություն նախատեսված չէր:
Բնակիչ - Ամեն օր ես օգտվում եմ տրանսպորտից, գնում եմ աշխատանքի, ես պիտի բարձրանամ ամեն օր կենտրոնական փողոց, նստեմ 40-ը, գնամ, իջնեմ աշխատանքի տեղը, նորից գամ իջնեմ կենտրոնական փողոց, քայլեմ, գամ հասնեմ տուն,
Բավականին խիտ բնակեցված թաղամասով դեռևս երկու երթուղի է անցնում: Բնակիչներին լուրեր են հասել, որ շուտով 42 համարը ևս Արարատյան զանգված չի մտնի, երբ այս երթուղին նույնպես սպասարկվի ավտոբուսով: Հետևաբար, քաղաքի տարբեր ուղղություններով մեկնելու համար ստիպված են լինելու կա՛մ մի քանի տրանսպորտ փոխել, կամ էլ քայլել մինչև մեկ կիլոմետր:
ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Նախ ասեմ՝ 42-ի հետ կապված ուղեգծի շեղում չենք պլանավորում իրականացնել:
Ինչ վերաբերում է 28-ին, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավարն ասում է՝ Արարատյան զանգվածի մի շարք փողոցներում սպասարկումը դադարեցվել է անցանելիության խնդրի պատճառով:
ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հաշվի առնելով ճանապարհային ցանցի թողունակությունը, քանի որ դա մասնավոր սեկտոր է ներկայացնում, սեփական տների սեկտոր է, որտեղ ճանապարհների լայնությունները բավարար չեն, երեք երթուղի այդտեղ շահագործելը նպատակահարմար չենք գտել, որովհետև դա ֆիզիկապես անհնար էր ավտոբուսային երթուղիով այդ հատվածը կազմակերպելու համար: Այստեղ պայմանավորված է երկու կողմերին մեքենաների կայանումներով, իսկ կայանումը չես կարող արգելել, քանի որ սեփական սեկտոր է, քաղաքացին իր տան դիմաց մեքենան բերում, կանգնեցնում է, չես կարող արգելել, շատ դժվար է հսկողություն իրականացնել այդ հատվածում
Այս տարածքում գործում է հայտնի բժշկական կենտրոններից մեկը, ու հարակից փողոցները, բնակիչների մեքենաներից բազմապատիկ ավելի ծանրաբեռնում են հենց բուժկենտրոն եկող տրանսպորտային միջոցները: Սահմանափակումը պաշտոնյայի խոսքով ավելի մեծ բողոք է առաջացնելու:
ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Եվս երկու երթուղի շարունակում է սպասարկել տվյալ փողոցը: Խնդրի նվազագույն ռիսկային լուծումը սա է այս պահն:
Վազգեն Հարությունյանի խոսքով՝ աշխարհում ընդունված մոտեցումն է, որ մոտակա կանգառի հեռավորությունը պետք է լինի մինչև 600 մետր: Հիմա բնակիչները շատ ավելին են քայլում, եթե չեն կարող կրկնակի կամ եռակի տրանսպորտ փոխել: Ոլորտի պատասխանատուն ընդգծում է՝ երբ գործի միասնական տոմսային համակարգը, կրկնակի տրանսպորտը չի նշանակի նաև կրկնակի վճար:
ՎԱԶԳԵՆ - Երբ որ միասնական տոմսի գաղափարը կիրառվի, լինելու է տոմսի տեսակ, որը ժամային դրույքաչափ է ունենալու: Պայմանական՝ դուք գնում եք մեկանգամյա օգտագործման տոմս՝ մեկ ժամ վավերականությամբ, և այդ ընթացքում ցանկացած տրանսպորտ կարող եք նստեղ մեկ տոմսի համար վճարելով:
Տոմսային ռեֆորմի բարեփոխումների որոշ արդյունքներ նախատեսվում են տարեվերջին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան