ՌԴ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ. ԲԼԻՆՔԵՆ
Ռուսաստանը ներկայում շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ։
«Վլադիմիր Պուտինը շարունակում է հավատալ, որ կարող է ավելի երկար դիմանալ, քան Ուկրաինան և երկրի կողմնակիցները: Կենսականորեն կարևոր է, որ մենք նրան հակառակը համոզենք», - հայտարարել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների միասնությունը և Ուկրաինայի անվտանգության ապահովման պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում, կօգնեն Կիևին մեծացնել պաշտպանական ներուժը, որպեսզի Մոսկվան չկարողանա կրկին հարձակվել:
«Սա շատ լուրջ ազդանշան է Պուտինին, որ մենք ոչ մի տեղ չենք գնա, Ուկրաինան ոչ մի տեղ չի գնա, և Կիևը միջոցներ կունենա ինքնապաշտպանության համար։ Եթե նախագահ Պուտինի վերաբերմունքը դրա նկատմամբ փոխվի, գուցե բանակցությունների հնարավորություն լինի։ Հիմա մենք դա չենք տեսնում»,- ասել է Բլինքենը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱՄԲՈՂՋ ՂՐԻՄԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը սպասում են հեռահար սպառազինության նոր խմբաքանակի տրամադրման` հակահարձակման ընթացքոմ ձեռք բերված հաջողությունները պահպանելու և գործողությունները շարունակելու համար: Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաշխատի այդ ուղղությամբ և կլուծի խնդիրը՝ իր պաշտպանական աջակցությամբ։ Զելենսկին մանրամասնել է, որ ներկա պահին Ռուսատանը երկնքում առավելություն ունի. Կիևը ժամանակակից ռազմական ինքնաթիռների պակաս ունի։ Նա նշել է, որ Ուկրաինայի նպատակն է վերադարձնել ամբողջ Ղրիմը, քանի որ դա իր երկրի ինքնիշխան տարածքն է, իսկ Ղրիմի կամուրջը պարզապես նյութատեխնիկական ճանապարհ չէ, Վոլոդիմիր Զելենսկու համոզմամբ, կամուրջն օգտագործվում է ռուսական ԶՈՒ-ին զինամթերքով ապահովելու համար:
ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Հացահատիկային գործարքից Ռուսաստանի դուրս գալու թեմային անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարը՝ վենեսուելացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Հաքան Ֆիդանը նշել է, որ հացահատիկի գործարքին այլընտրանք ստեղծելն՝ առանց Ռուսաստանի մասնակցության, պոտենցիալ ռիսկեր է պարունակում անվտանգության համար. թե՛ ՄԱԿ-ը, թե՛ Թուրքիան համաձայնության են եկել այդ հարցում: Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ Անկարան Մոսկվայից ստացել է գործարքից դուրս գալու պատճառների մասին հստակ պարզաբանումներ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն աշխատում է հացահատիկի արտահանման նոր ուղիների մշակման համար:
ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ. ԶԱԽԱՐՈՎԱ
Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատիժ կստանան, իսկ Կիև կասետային զինամթերք մատակարարողները նույնպես կկիսեն պատասխանատվությունը, հայտարարել է Ռուսատատնի ԱԳՆ հատուկ նեկայացուցիչ Մարի Զախարովան: Նա կարծիք է հայտնել, թե ամեն ինչ ցույց է տալիս, որ Զապորոժիեի շրջանում լրագրողական խմբի վրա հարձակումը պատահական չի եղել։ Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը զոհվել է ուկրաինական հրթիռակոծության ժամանակ:
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է լրատվամիջոցների չորս աշխատակից։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։
ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԳՆ
Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են Լեհաստանի ԱԳՆ` այդ երկրի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության պատճառով, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։ Նրա խոսքով՝ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն նաև Լեհաստանի և նրա դաշնակիցների դեմ Մոսկվայի ոչ բարեկամական գործողությունների պատճառով։
Անդրադառնալով միջադեպին՝ Վարշավայում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ռուսական կողմը հակադարձել է Լեհաստանի արտգործնախարարությանը: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Իոսիֆ Ստալինի և ԽՍՀՄ շնորհիվ Լեհաստանը Գերմանիայից զգալի տարածքներ է ստացել:
ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ՝ ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կնոջ թեկնածություն է առաջադրել ԱՄՆ ռազմածովային ուժերը գլխավորելու համար։ Ջո Բայդենն ընտրել է ծովակալ Լիզա Ֆրանչետիին։ Սպիտակ տան ղեկավարի ներկայացրած թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։ Հավանության արժանանալու դեպքում Լիզա Ֆրանչետին կլինի առաջին կինը, որը կդառնա բարձրաստիճան զինվորականների էլիտար խմբի անդամ, որոնք կազմում են Միացյալ շտաբը:
Ֆրանչետին Հարավային Կորեայում ԱՄՆ 6-րդ նավատորմի և ԱՄՆ նավատորմի նախկին հրամանատարն է և ծառայել է որպես ավիակրի հրամանատար։ Նա երկրորդ կինն է, որը ստացել է չորս աստղ ունեցող ծովակալի կոչում։