Հայկական կինոյի 100-ամյա պատմությունը կնշանավորվի մարզերում մեծ էկրաններին ցուցադրությամբ: «Հայկական կինոդար» ծրագիրը մեկնարկել է Արմավիրից՝ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ցուցադրությամբ։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Արմավիրցիները շտապում են մշակույթի պալատ՝ դիտելու ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Այն ցուցադրվում է «Հայկական կինոդար» մարզային ծրագրի շրջանակում, որը նվիրված է հայկական կինոյի մեկդարյա պատմությանը։ Հանդիսատեսը սիրված ֆիլմը թեև բազմիցս է դիտել, շատ դրվագներ էլ անգիր գիտի, բայց ևս մեկ անգամ վերհիշելուն դեմ չէ. բացի դրանից՝ արմավիրցիների խոսքով՝ մեծ էկրանից ստացած տպավորություններն ուրիշ են։
Լիլիթ Գևորգյան - Նույն ֆիլմը տանը դիտելիս գուցե այդ հետաքրքրությունը չունենա, քան մեծ էկրանից դիտելը։
Մերի Մուրադյան - Տանը այլ մթնոլորտ է, այստեղ՝ այլ, դահլիճը տրամադրում է, որ ֆիլմը հաճույքով դիտես։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նպատակն է վերարժևորել հայկական կինոժառանգությունն ու ժամանակակից ֆիլմերը, հանրայնացնել դրանք մարզերում։ Եթե մայրաքաղաքում աստիճանաբար վերականգնվում է մեծ էկրանից կինո դիտելու մշակույթը, մարզերում դեռ մեծ աշխատանք կա անելու։
Գոհար Սարգսյան («Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ) - Պասիվությունը ես կապում եմ նրա հետ, որ հիմնականում տեխնիկական խնդիրներն են, այսինքն՝ կինոթատրոնների բացակայությունն է պատճառը, որ չենք կարողանում ցուցադրել, տեխնիկական անհրաժեշտ պայմանները:
«Հայկական կինոդար» ծրագիրը մեկնարկել է Արմավիրից։ Ավագ սերունդը հաճելիորեն զարմացել էր դահլիճում երիտասարդների ներկայությունից: Նոր սերնդին խորհուրդ են տալիս՝ հաճախ դիտել հայկական ֆիլմեր․ դրանց մեջ շատ սեր ու բարություն կա։
Եպրաքսյա Բաղդասարյան - Մեծին հարգել, որը հիմա քիչ է երիտասարդության մեջ, սիրել երկիրը, սովորել հայերեն, ես չեմ պատկերացնում՝ ինչ չի կարելի սովորել հայկական կինոյից։
Ոմանք էլ գյուղական բնակավայրերից էին եկել։ Հին ու բարի օրերն էին վերհիշում, երբ կինոյի համար հավաքվում էին գյուղի ակումբում։ Ասում են՝ եթե գյուղական մշակույթի տները գործեն, կինոդիտման ավանդույթը կվերականգնվի։
Արևհատ Սարիբեկյան - Մեր մշակույթի տունը, որ սարքեն, պարտադիր պետք է բերեն, մենք կգնանք, կնայենք։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոգացել է, որ ծրագրի շրջանակում հայկական ֆիլմեր ցուցադրվեն նաև այն գյուղական բնակավայրերում, որտեղ գործող մշակույթի տներ կան։ Կինոկենտրոնը, ցուցադրվող ֆիլմերն ընտրել է՝ հաշվի առնելով հանդիսատեսի նախասիրությունները։
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան