Հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավերը թուրքական նավերի կողմից ուղեկցելու տարբերակը «վտանգավոր է և անիրագործելի», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք չենք քննարկել այդ հարցերը, կարծում եմ, որ այդ տարբերակը վտանգավոր է և անիրագործելի»,-ասել է Վերշինինը՝ պատասխանելով ուկրաինական նավերին հացահատիկ արտահանելու նպատակով ուղեկցող թուրքական նավերի մասին հարցին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ Կիևը հույս ունի շարունակել հացահատիկի մատակարարումները Սև ծովով առանց Ռուսաստանի մասնակցության, և սպասում է ՄԱԿ-ի ու Թուրքիայի պատրաստակամության պաշտոնական հաստատմանը։
Ռուսաստանը երկուշաբթի տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին, որ դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը։ Դա նշանակում է նավագնացության անվտանգության ռուսական երաշխիքների հետկանչում և Սև ծովի հյուսիս-արևմուտքում ծովային հումանիտար միջանցքի փակում։
Այդ տարածքի համար վերականգնվում է նավագնացության համար ժամանակավորապես վտանգավոր ռեժիմը։ Այսպիսով, առանց Ռուսաստանի մասնակցության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը հուլիսի 18-ից դադարեցրել է իր գործունեությունը: