Սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու պետական աջակցության ծրագիրը վերանայվել է, կներկայացվի Կառավարության հաստատմանը: 2022-ին մեկնարկած ծրագիրն ավելի հասանելի դարձնելու համար պարզեցվել են ծրագրին դիմելու պայմանները: Հիմնական խնդիրը, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, բանկերում վարկավորման ժամանակ լրացուցիչ գրավի պահանջն էր: Բանկերը որպես գրավ ընդունում են հողատարածքը, որի վրա կառուցվելու է տունը, սակայն հաճախ հողի ցածր արժեքով պայմանավորված՝ առաջանում է լրացուցիչ գրավի անհրաժեշտություն: Ծրագրի լավարկմամբ՝ պետությունն իր վրա կվերցնի լրացուցիչ գրավ չվերցնելու դեպքում առաջացող ռիսկերը:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Առաջին փուլով տրվող վարկի գումարը կարող է լինել 3-4 մլն, իսկ հողի արժեքը՝ 400 հազար, անհամաչափություն կար վարկ-գրավ հարաբերակցության տեսակետից, որը բավականին ռիսկ էր պարունակում, և պետությունը ռիսկի հետևանքները կվերցնի իր վրա: Շատ դեպքում շահառուները չեն ունենում այլ բնակարան գրավի համար, գործարքը չէր կայանում, պետությունը կվերցնի իր վրա:
Ըստ Խաչատրյանի՝ հնարավոր ռիսկ կարող է լինել, որ շահառուն ստացած գումարը չծառայեցնի նպատակին, չկատարի պայմանագրով ստանձնած պարտավորությունը: Նման դեպքում պետությունը կդադարեցնի ֆինանսաբանկային կազմակերպություններին մայր գումարի, տոկոսադրույքի մարումները, և գործարքը չի իրականացվի:
Դավիթ Խաչատրյան - Պետությունը կշարունակի բանկին վճարել ամսական վճարումները, հետգանձման մեխանիզմներով օրենքով՝ շահառուից, ով ոչ նպատակային է օգտագործել պետության տված աջակցությունը, հետգանձման գործընթաց կսկսի:
Սա, իհարկե, այն դեպքերում, երբ նման հնարավոր ռիսկ առաջանա: Փոխնախարարի խոսքով՝ իսկ ընդհանրապես ծրագիրը, ըստ մարզերից ստացվող տեղեկությունների, մեծ հետաքրքրություն է առաջացրել: Արդեն գործարկված ծրագրում այլ խնդիրներ չեն արձանագրվել: Նախարարությունում վստահ են՝ այս փոփոխություններից հետո դիմելիությունը կավելանա: Փոխնախարարը հիշեցնում է՝ սահմանամերձ գյուղում տուն կառուցելու համար պետությունը կմարի հիփոթեքի մինչև 16 մլն դրամ մայր գումարն ու մինչև 13% տոկոսագումարը: Այս պահին նախանշված 32 գործարք կա, 25-ով շինաշխատանքները սկսվել են:
Դավիթ Խաչատրյան - Գյուղական 80 բնակավայրին էր վերաբերում, ի սկզբանե որոշվել է, որ գյուղերում պետք է լինի, ինչը կբերի բնակավայրում որոշակի աշխուժություն, առևտրի ծավալները կարող են փոխվել, զբաղվածության ծավալ, նաև բնակֆոնդի թարմացում:
Փոխնախարարը հիշեցնում է՝ նախքան գործարքը պարտադիր է, որ շահառուն ունենա տան նախագիծը, շինանյութի ու աշխատանքների համար նախատեսվող ծախսերի բացվածքը և շինթույլտվություն: Ծրագրին մասնակցում է ֆինանսաբանկային 5 կազմակերպություն: Տուն կառուցելու գործարք կնքվել է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Կողբում և Սոթքում 4-ական տուն կկառուցվի: Սյունիքի Նռնաձոր գյուղում կկառուցվի տիպային ճարտարապետությամբ 9 առանձնատնից բաղկացած փոքր թաղամաս: Ծրագրի 2023-ի բյուջեն մոտ 450 մլն դրամ է: Մասնակցելու համար կարող են դիմել մինչև 2024-ի դեկտեմբերի 1-ը: