Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:
Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը ձևավորվել է բազմադարյա պատմության ընթացքում, և այդ հարաբերություններն են կազմում հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմքը, որն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
«Արդեն 7 ամիս է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, շարունակում է ապօրինի շրջափակված մնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հայաստանի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և ուժի կիրառման հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության իրական սպառնալիքի առջև»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխխոսնակը նաև անդրադարձել է ընթացող նիստի օրակարգին: «Այսօրվա նիստը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի գիտակրթական համագործակցությանը, ինչպես նաև միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցությանը: Գիտակրթական ոլորտը քաղաքակրթական ճգնաժամի պայմաններում գլոբալ խնդիրները լուծելու տեսանկյունից կարևորագույն գործոն է և իրավամբ համարվում է ժամանակակից տնտեսության զարգացման կայուն հիմքերից մեկը»,- նշել է նա:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը ևս կարևորել է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում ձևավորված բարեկամությունը, սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացին, ընդգծվել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին վնաս չհասցնելու կարևորությունը:
Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր և Իրկուտսկ քաղաքների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր:
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում:
Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 21-ին Իրկուտսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրկուտսկի երկրամասի ղեկավար Իգոր Կոբզևի և Իրկուտսկի հայ համայնքի հետ: