Արդարադատության նախարարությունը, առաջնորդվելով իր որդեգրած թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով, պաշտոնապես գործարկել է Դատաիրավական ռազմավարության
www.datairav.am հարթակը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
ԵՄ ֆինանսավորմամբ և «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ արդեն իսկ մշակվել և հասանելի է դարձել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության հաշվետվողականությունն ու մշտադիտարկումն ապահովող միասնական կայքը, որը թվային գործիքների միջոցով հնարավորություն է տալիս թափանցիկ դարձնել ռազմավարության գործողությունների և արդյունքային ցուցանիշների կատարումը: Հարթակում հասանելի կլինեն Ռազմավարության կատարման հաշվետվություններն ու ընթացող միջոցառումների մասին տեղեկատվությունը:
Հարթակի պաշտոնական բացման միջոցառմանն արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշել է, որ դատաիրավական բարեփոխումները վաղուց են ՀՀ կառավարությունների օրակարգի առաջնայնություններում։
Նշվել է, որ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հուլիսի 3-ին արդարադատության նախարարությանն են հանձնվել էլեկտրոնային հարթակի ծրագրային կոդերը և հարթակի գործարկման տեխնիկական ուղեցույցը:
Հուլիսի 10-ին արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև կնքվել է հարթակի ոչ գույքային իրավունքների հանձնման համաձայնագիրը, որով նախարարությունը ձեռք է բերել datairav.am հարթակի նկատմամբ օգտագործման բացառիկ իրավունքները:
Նախատեսվում է, որ հարթակից օգտվելու են ինչպես դատաիրավական ռազմավարության կատարման համար պատասխանատու պետական մարմինները, այնպես էլ ոլորտային հասարակական ու միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հետաքրքրված են դատաիրավական բարեփոխումների ընթացքով:
Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ առաջնային կարևորություն ունի նաև իրականացվող բարեփոխումների հաղորդակցումը դրա հասցեատերերի ու շահառուների՝ ՀՀ քաղաքացիների հետ:
Արդարադատության նախարարության անունից նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին իրականացված համատեղ ու կարևոր աշխատանքի համար:
Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, դատավորներ, պետական, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն: