ՔԱՆԻ ԴԵՌ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՉԷ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
France-Presse գործակալության լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը սկսեց հարցով` արդյոք մեր երկրի ղեկավարը հավատում է Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը: Փաշինյանը ընդգծեց` ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա, եթե չհավատար, բայց դա չի նշանակում, որ արդյունքը երաշխավորում է, քանի որ ոչ միայն Հայաստանի վարչապետից է կախված, այլև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ` մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որևէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց, իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը և ես:
Լրագրողը հետաքրքրվեց ի՞նչ պետք է արվի Ալիևի հետ բանակցություններում, որպեսզի երաշխավորվի Ղարաբաղում բնակվող հայերի արժանապատվությունը: Հայաստանի վարչապետն ընդգծեց` եթե անկողմնակալ դիտորդ դիտի, թե ինչ է տեղի ունենում բանակցային սենյակում, կարելի է գնահատել, որ սկզբունքորեն ամեն ինչ նորմալ է, բայց պետք է դիտարկել գործողությունները, հայտարարությունները: Փաշինյանի կարծիքով` բանակցությունների առաջընթացին ամենից շատ խանգարում է Ադրբեջանի հռետորաբանությունը, ամեն հայկականի նկատմամբ ատելությունը և վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ:
Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը Հայաստանի կարմիր գծերն են, նշեց Փաշինյանն ու հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում:
Նիկոլ Փաշինյան - Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի, և ոչ թե երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ, մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը:
Փաշինյանը նշեց՝ քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և վավերացված չէ՝ պատերազմը շատ հավանական է։
ԼՂ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳԵՏՏՈ Է ՍՏԵՂԾՈՒՄ. Ո՞ՐՆ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Հարցին` արդյոք Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ և դրանից հետո և ինչպե՞ս են արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը, վարչապետն ասաց՝ նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, իսկ այդ երկրները պատշաճ արձագանք չեն տալիս։
Նիկոլ Փաշինյան - Հիմա ուզո՞ւմ ենք ասել, որ աշխարհի բոլոր այն երկրները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ՝ մաքսիմալն անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի, ուղիղ Ձեզ ասեմ՝ ոչ։ Ամենատարբեր պատճառներով՝ մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, երրորդն իր բանկային համակարգի մասին է մտածում, չորրորդն այլ խնդիրներ ունի, բայց մյուս կողմից էլ` որ ասես ոչինչ չեն անում՝ այդ էլ ճիշտ չէ: Մենք հիմա չենք խոսում ուղղակի քաղաքական կամ ազգամիջյան կոնֆլիկտի մասին, մենք խոսում ենք ցեղասպանության արդեն ոչ թե նախապատրաստության, այլ ընթացող պրոցեսի մասին, որովհետև Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում: Ո՞րն է միջազգային հանրության արձագանքը: Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ինչո՞վ եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արևմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի: Այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում դեռևս փետրվարի 22-ին: Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արևմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում, և ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արևմուտքի մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ուկրաինական պատերազմից հետո երկրները դժվար թե կարողանան լավ հարաբերություններ պահպանել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։ Ի՞նչ ազդեցություն սա ունի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, - հետաքրքրվեց Ֆրանս-պրես գործակալության լրագրողը:
Նիկոլ Փաշինյան - Գիտեք, իմ կարծիքով` կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար: Եվ այդ սխալը նոր չէ, այդ սխալը նույնիսկ 30 տարվա չէ, այդ սխալը նույնիսկ 100 տարվա չէ, այդ սխալը շատ ավելի հին է: Այսինքն՝ չստացվի, որ հանկարծ ես նախորդ կառավարություններին եմ քննադատում կամ որևէ մեկին քննադատում եմ, որովհետև տեսեք՝ ինչ է, նաև Ձեր հարցի մեջ ամբողջ կոնտեքստն այն է, թե Հայաստանն ինչպե՞ս է ապրելու Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Իսկ, կներեք, մենք իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չենք, մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք: Եվ իրականում տարածաշրջանի երկրները մեկը մյուսի արանքում են: Երբ մենք հարց ունենք մեր միջավայրի հետ, մեր առաջին ռեակցիան ի՞նչ է, որ տեսնենք` ի՞նչ կարող է անել Մոսկվան, ի՞նչ կարող է անել Բրյուսելը, ի՞նչ կարող է անել Վաշինգտոնը: Իհարկե, այս ընթացքում մայրաքաղաքները գուցե փոխվել են, անունները, պատմական երկար ժամանակաշրջանում: Եվ մենք սա գիտակցում ենք, բայց մեր կյանքում էլ բան չի փոխվել, որովհետև այդ կուլտուրան մեր մոտ էլ չկա, այնտեղ էլ չկա: Երբ գալիս է պահը, որ կա հնարավորություն կամ գուցե գիտակցություն, որ պետք է այլ պարադիգմով լուծել հարցերը, ուրիշ տրամաբանություն է առաջ գալիս մեր միջավայրում` դուք եկել եք մեզ հետ հարց լուծելո՞ւ, այդ դուք չէի՞ք, որ մեզ վրա Վաշինգտոն, Մոսկվա ու Բրյուսել էիք բերում երկար ժամանակ:
Այս համատեքստում վարչապետը հիշատակեց իր մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Նշեց՝ Հայաստանում և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ եղան:
Նիկոլ Փաշինյան - Եվ խնդիրը հետևյալն է, թե ինչքանո՞վ այդ պարադիգմի մասին խոսելիս կրկին կլինենք ոչ թե մենախոսության, այլ համագործակցության ժանրում, որովհետև սա ոչ մեկի համար հեշտ չէ: Ընկալել և արձանագրել, որ այս տարածաշրջանում, օրինակ, այս քաղաքական քարտեզը պետք է հարյուրամյակներով շարունակի գոյություն ունենալ, ոմանք այս նախադասությունը ձևակերպում են հարցականով, ոմանք անկեղծ ուզում են գտնել հիմնավորումներ, որ այս քաղաքական քարտեզի գոյությունը կարող է բխել տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և չհակասել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից: Ես, օրինակ, այս երկրորդ համոզմունքի կրողն եմ, բայց դա քիչ է:
ՈՉ ՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵՐԺ ՉԷ. ՀԱՊԿ-Ը ԼՔԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ
- Աշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ, և յուրաքանչյուր երկիր որոշում կայացնում է՝ ելնելով իր շահերից,- ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին թե արդյոք ՀԱՊԿ-ը լքելու հեռանկար կա:
Նիկոլ Փաշինյան - Հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ, որովհետև չթաքցնեմ, ուղիղ ասեմ՝ շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից: Ավելին՝ կան շատ փորձագետներ, որոնց գնահատականն այն է, որ Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից: Դա, իհարկե, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց, ցավոք, մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է: Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ ընտրություն էին կատարել՝ աշխարհաքաղաքական ընտրություն, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ: Բնականաբար, այդ վերլուծություններն ավելի ահագնացան, ավելի սրվեցին վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած բոլորիս հայտնի իրադարձությամբ, ճիշտ է` մեկուկես օր տևեց այդ իրադարձությունը, բայց տասնյակ վերլուծական, փորձագիտական տեղեկանքներ եմ ստացել ադ մեկուկես օրվա ընթացքում, որ սա 1915թ. սցենարն է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՐԱՄԱՆԿԵԼԸ ՉԷ
Միացյալ Նահանգները և Եվրոպան կասեցրել կամ սահմանափակել են մեքենաների վաճառքը Ռուսաստանին։ Հայաստանը դարձել է մեքենաների հիմնական վերաարտահանողը դեպի Ռուսաստան։ Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը` երաշխավորելու համար, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվում Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով, հարցազրույցի վերջում հետաքրքրվեց լրագրողը:
Նիկոլ Փաշինյան - Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք և համագործակցում ենք և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք: Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք հետևյալը՝ մենք հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ:
Փաշինյանն ընդգծեց՝ նույնն ասել է նաև Արևմուտքին: Ու հավելեց` պաշտոնական մակարդակում այս պահի դրությամբ Հայաստանը չունի ոչ մի պահանջ Եվրամիության և ամերիկյան գործընկերներից, Ռուսաստանից ևս, քանի որ նպատակը գործընկերների հետ խորամանակելը չէ: