ԼՂ-ՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԾԱՆՐ Է. ՄԻՐԶՈՅԱՆ
«Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ավստրիական առաջատար DerStandard օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Ավստրիայում է: «Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին, սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգությունն ու հիմնարար իրավունքներն են»,- հավելել է Միրզոյանը:
Նախարարին նաև հարցրել են Լաչինի միջանցքի արգելափակման հնարավոր ելքի մասին: «Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի: Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է»,- մանրամասնել է նա։
Լրագրողը նաև նկատել է՝ «միջազգային շատ դերակատարներ են ցանկանում միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը: Սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում։ Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում»:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։
ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ՝ ԸՍՏ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ
«Ո՞րն է տևական խաղաղության նախապայմանը»: Այս հարցին պատասխանելով՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց խուսափելը:
Արարատ Միրզոյան - Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը։
2020-Ի ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼ Է. ՄԻՐԶՈՅԱՆ
«Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ճնշման տակ հայտնվեց. շատերը հրադադարն ընկալեցին որպես «կապիտուլյացիա», երբեմն տեղի էին ունենում բողոքի բուռն ակցիաներ: Ինչպիսի՞ն է այսօր տրամադրությունը Հայաստանում»,- հետաքրքրվել է ավստրիական օրաթերթը:
Արարատ Միրզոյան - Այո՛, այդ ժամանակ լուրջ ճգնաժամ կար։ Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը, և թե արդյոք Հայաստանը պե՞տք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները։ Չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթեց ազատ և արդար ընտրություններում։ Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթահարվեց։
ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հարցրել է լրագրողը՝ արձանագրելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Արարատ Միրզոյանը նկատել է, որ հայ հասարակությունում մեծ հիասթափություն կարելի է տեսնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների հետ: «Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»,- եզրափակել է Հայաստանի արտգործնախարարը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան