Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին արձագանքել են կառույցի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ: ԵՄ մշտական ներկայացուցիչը, անդրադառնալով նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններին, հիշեցրել է՝ միությունն ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրման ուղղությամբ: Բոլոր չլուծված հարցերը պետք է հասցեագրվեն բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման։
Ռասա Օստրաուսկայտե (ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ) - Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին բազմիցս կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի և հուլիսի որոշումների, ինչպես նաև վերականգնել էներգակիրների մատակարարումը՝ առանց սահմանափակումների։ Եվրամիությունն անհանգստացած է պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի հումանիտար հետևանքների կապակցությամբ: Ադրբեջանի իշխանությունների կողմից ԿԽՄԿ-ին տարածաշրջան մուտք ու ելքի արգելքը մտահոգիչ է։ Ներկա իրավիճակն անկայուն է և ստեղծում է լարվածություն, ինչը հակասում է վստահության ամրապնդման այդքան անհրաժեշտ ջանքերին:
ԵՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար նպաստավոր պայմանների ապահովմանը:
Ռասա Օստրաուսկայտե - Մենք ողջունում ենք Հայաստանի անփոփոխ հանձնառությունը մեր ընդհանուր արժեքներին համահունչ բարեփոխումներին՝ չնայած տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակին: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի և լրատվամիջոցների ազատության ամրապնդման ուղղությամբ:
Ռասա Օստրաուսկայտեն ընդգծել է՝ Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, ինչպես նաև վստահության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման բոլոր ջանքերում։
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ԼՈՒԿԱՇԵՎԻՉ
ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը: Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու, ինչպես նաև տարածաշրջանը էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Նրա խոսքով՝ այս պայմաններում առավել քան կարևորվում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ վերջնականացումը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։
Ալեքսանդր Լուկաշևիչ (ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ) - Ռուսական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բարձր մակարդակի հանդիպումները: Նա ընդգծել է, որ խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա, առաջընթացի միակ ճանապարհն են:
Քեթրին Բրաքեր (ԵԱՀԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար) - Մենք շարունակում ենք հավատալ, որ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու, հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցությունների բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման ջանքերը բխում են բոլոր շահագրգիռ կողմերի շահերից: Մենք կողմերին կրկին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական հռետորաբանությունից։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Հայաստանի պահանջով հրավիրված նիստում ելույթ է ունեցել նաև ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նիլ Հոլանդը։
Նիլ Հոլանդ (ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ) - Շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքում տեղաշարժի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար առաջացած հումանիտար հետևանքներով։ Աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից:
Դեսպանի խոսքով՝ որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարողանա շարունակել իր աշխատանքը տարածաշրջանում, որտեղ նրա գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կյանքեր փրկող դեղամիջոցների հասանելիությունը:
Նիլ Հոլանդ - Մեծ Բրիտանիան հստակ նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերին կոչ ենք անում շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման ուղղությամբ: Մենք ընդունում ենք, որ կարգավորման ցանկացած համաձայնագիր պետք է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Թագավորության ներկայացուցիչներն այդ հարցը քննարկել են արտգործնախարար Բայրամովի հետ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան ռազմավարական վերջին երկխոսության ժամանակ:
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼՈՒ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿՈՉԸ
Լաչինի միջանցն ապաշրջափակելու կոչ է հնչեցրել նաև Նորվեգիայի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ դա 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունն է:
Անն-Կիրստի Կարլսեն (ԵԱՀԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ) - Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Լաչինի երկայնքով երթևեկության սահմանափակումներով, ինչը մարդասիրական ծանր խնդիրներ է առաջացրել բնակչության համար: Խստորեն կրկնում ենք Ադրբեջանի կառավարությանը և Ռուսաստանի Դաշնությանն ուղղված մեր կոչը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Անն-Կիրստի Կարլսեն նշել է նաև, որ Նորվեգիան աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը: