ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԸ
Ռեջեփ Էրդողանը երեկ մասնակցել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսում Էրջանի նոր օդանավակայանի բացման արարողությանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այնտեղից միջազգային թռիչքներ կիրականացվեն: Նա միջազգային հանրությանը հորդորել է վերջ տալ կղզու թուրքական հատվածի մեկուսացմանը։ Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել ՄԱԿ-ին ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը։
«Թուրքիան խաղաղություն և ժողովրդավարություն է բերել Կիպրոս: Քանի դեռ չի ճանաչվել Կիպրոսի թուրքերի ինքնիշխան իրավահավասարությունը և հավասար միջազգային կարգավիճակը, բանակցային նոր գործընթացի մասին խոսք լինել չի կարող»,- պնդել է Ռեջեփ Էրդողանը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանի այցը նվիրված է Հյուսիսային Կիպրոս թուրքական ներխուժման 49-րդ տարելիցին:
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Էրդողանի այցը կղզու հյուսիսային հատված անօրինական և սադրիչ ակցիա է որակել։ Նա նշել է, որ 49 տարի առաջ թուրքական ուժերի ներխուժումը ողբերգական էր Կիպրոսի համար։
ՍԵՎ ԾՈՎՈՎ ՌԴ ՈՒՂԵՎՈՐՎՈՂ ՆԱՎԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ. ՈՒԿՐԱԻՆԱ
Կիևը հուլիսի 21-ից Սև ծովով դեպի Ռուսաստանի և ռուսական վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքների նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռներ փոխադրողներ՝ դրանից բխող ռիսկերով։ Այս մասին նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Գերատեսչությունը նաև արգելել է նավարկությունը Սև ծովի հյուսիսարևելյան հատվածում և Կերչ-Ենիկալի ջրանցքով։
«Բոլոր ռիսկերի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ռուսաստանի ղեկավարությունը: Ուկրաինայի պաշտպանության ուժերն ունեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ծովում ռուսական ագրեսիան հետ մղելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ՝ զգուշացնելով՝ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ, իսկ այն երկրները, որոնց դրոշի ներքո կնավարկեն այդ նավերը, կհամարվեն Կիևի կողմից հակամարտությանը ներգրավված պետություններ:
ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶՈՒ-Ն ԵՎ «ՎԱԳՆԵՐԻ» ՈՒԺԵՐԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ
Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, անցկացվում են Բելառուսի զինված ուժերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերի համատեղ զորավարժությունները՝ հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումները «Վագների» ներկայացուցիչների հետ մարտական-ուսումնական առաջադրանքներ կկատարեն «Բրեստսկի» զորավարժարանում՝ մանրամասնել է ռազմական գերատեսչությունը։
Լեհական կողմը հայտարարել է, որ ի պատասախան՝ հավելյալ ուժեր կտեղակայի Բելառուսի հետ սահմանին: Պաշտոնական Վարշավան բելառուսական բանակի և «Վագների» համատեղ զորավարժությունն ակնհայտ սադրանք է որակել։
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ճապոնական ծովում մեկնարկել են «Հյուսիս. փոխգործակցություն-2023» ռուս-չինական համատեղ զորավարժությունները՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Դրանք կտևեն մինչև հուլիսի 23-ը: Ըստ հաղորդագրության՝ վարժանքների նպատակն է ամրապնդել ռազմածովային երկկողմ գործակցությունը՝ նպաստելով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը։
Ճապոնական լրատվամիջոցները գրում են, որ օդում և ծովում մարտական մեթոդների մշակման համատեղ գործողություններն ուղղված են Չինաստանի և Ռուսաստանի կարողությունների զարգացմանը: Նշվում է, որ լայնածավալ զորավարժություններին ներգրավված է երկու երկրի ռազմածովային և օդային ուժերի հիմնական կոնտինգենտը։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ ցույցերը չեն դադարում արդեն 7 ամիս: Հազարավոր քաղաքացիներ հերթական ակցիան են անցկացրել՝ բողոքելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դատական փոփոխությունների դեմ։ Ցուցարարները պնդում են, որ նա փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Թել Ավիվում իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել, ոստիկանները ջրցաններ են կիրառել, կան ձերբակալվածներ:
Մինչ այդ Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է դատաիրավական փոփոխություններին վերաբերող օրենքների առաջին փաթեթը։ Այն սահմանափակում է գործադիրի որոշումները վերահսկելու՝ Գերագույն դատարանի լիազորությունները: Միաժամանակ, Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելի կառավարական կոալիցիան շարունակում է փոխզիջումային տարբերակներ գտնել և բաց է ընդդիմության հետ երկխոսության համար: Վարչապետը հավելել է՝ շատերը փորձում են հեռացնել նրան իշխանությունից, և դատաիրավական փոփոխություններն ընդամենը պատրվակ են։