Գործարկվել է դատաիրավական բարեփոխումների 2022-26 թթ. ռազմավարության հաշվետվողականությունն ու մշտադիտարկումն ապահովող միասնական կայքը: Datairav.am հարթակից կարող են օգտվել ռազմավարության կատարման համար պատասխանատու պետական մարմինները, ոլորտային հասարակական ու միջազգային կազմակերպությունները, նաև այն քաղաքացիները, որոնք հետաքրքրված են դատաիրավական բարեփոխումների ընթացքով:
Կարեն Կարապետյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հարթակը երկու նպատակ է հետապնդում՝ ապահովել հանրության իրազեկվածությունը և մասնակցությունը ողջ այս կարևորագույն ուղղության՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ապահովելու պետական մարմինների և շահառու մարմինների կողմից, ովքեր մասնակցություն ունեն այս ողջ գործընթացին և հաշվետու են այս գործընթացի վերաբերյալ, ավելի արդյունավետ, արագ և ավելի հասանելի՝ յուզերֆրենդլի այսպես եղանակով ներկայացնեն այդ հաշվետվությունները:
Հարթակի միջոցով թափանցիկ կդառնան ռազմավարության շրջանակում իրականացվող գործողություններն ու դրանց արդյունքները: Նախկինում այս ամենն արվում էր թղթային տարբերակով:
Տիգրան Դադունց (ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման հիմնադրամի տնօրեն) - Լրացվում էին որոշ հաշվետվություններ, տեղադրվում էին նախարարության կայքում, և այդքան տեսանելի չէր լինում՝ ի վերջո ռազմավարության այս կամ այն միջոցառումը, գործողությունը ինչպես են կատարվել, ինչ արդյունքներ են գրանցել, և այժմ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մշակվել է հատուկ կայք, որտեղ առանձնացված երևում են ռազմավարության բոլոր նպատակները, ուղղությունները:
Այս կայքը մշակվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ի աջակցությամբ:
Նաթիա Նացվլիշվիլի (ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ) - Սա կարևոր ծրագիր է, որով աջակցություն է ցուցաբերվում Հայաստանում մարդու իրավունքների, արդարադատության և իրավունքի գերակայության բարեփոխումներին: Շատ ուրախ ենք, որ մի շարք կարևոր արդյունքներ արդեն ի ցույց են դրվել, և լիահույս ենք, որ էլեկտրոնային հարթակի գործարկմամբ ավելի կբարձրանա արդարադատության համակարգի բարեփոխումների թափանցիկությունը:
Լիանա Թովմասյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական) - Ցանկացած քաղաքացի առանց ինչ-որ հարցումներ անելու, երկար ժամանակ սպասելու իրեն հետաքրքրող դատաիրավական ռազմավարության կոնկրետ միջոցառման մասով կարողանա տեղեկատվություն ստանալ, ցուցանիշները հասկանալ, տեսնի պետական մարմինների աշխատանքի կատարողականը, թե քանի գործողություն է հաշվետու ժամանակահատվածում կատարված, քանիսը կատարված չեն, և նմանատիպ խնդիրների լուծմանն է, ըստ էության, հանգեցնելու:
Դատաիրավական ռազմավարության կատարումն ապահովող մարմիններն էլ հնարավորություն ունեն մուտք գործել համակարգ, լրացնել համապատասխան տեղեկատվությունը, որը Արդարադատությայն նախարարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի և կհանրայնացվի:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան