Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող 30-ամյա Արա Բադոյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը միջնորդեց եւս 3 ամսով երկարաձգել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը, սակայն դատարանը որոշեց Բադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքն ու 1 միլիոն դրամ գրավը:
Նշենք, որ նիստը տեսանկարահանելու «Լուրեր»-ի միջնորդությունը մերժվեց. դեմ էր ամբաստանյալը։
Դատարանը մինչև այդ միջնորդության անդրադառնալը հետազոտեց 2020 թվականի նոյեմբերի լույս 10 գիշերը Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության` համացանցում հայտնված և ՊՊԾ-ի տրամադրած տեսագրությունները։ Ըստ զննության արձանագրության՝ մեղադյալը ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտնվում է Արարատ Միրզոյանը։
Մարզպետ Ավագյան (Արա Բադոյանի պաշտպան) - Հետազոտեցինք տեսագրությունը. ոտքը ընդհանրապես տեսագրությունում չի երևում Արա Բադոյանի, այն էլ` 2 անգամ, նաև չի երևում` Արարատ Միրզոյանը այնտեղ է գտնվում, թե՝ ոչ:
Հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը արձագանքեց պաշտպանին, պնդեց՝ փաստ է, որ մեղադրյալը մասնակցել է անկարգություններին, ինչպես նաև Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության դեպքին: Դատարանում զննվեց նաև իրեղեն ապացույց հանդիսացող հագուստը, որն, ըստ մեղադրանքի, դեպքի օրը եղել է Բադոյանի հագին և հայտնաբերվել խուզարկության ընթացքում:
Այնուհետև դատարանն անցավ վկաների հարցաքննությանը: Վկաներից մեկը Արա Բադոյանի կինն էր՝ Նարինե Բեգլարյանը: Նա, սակայն, հրաժարվեց ցուցմունք տալ ամուսնու դեմ: Մյուս վկան՝ Գարիկ Մարկոսյանն ասաց, որ թեև մեղադրյալին ճանաչում է, բայց անձամբ նրա հետ շփում չի ունեցել: Պատմեց` 2020 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը, երբ համացանցով տեղեկացել է, որ քաղաքացիները հավաքվում են կառավարության դիմաց, ինքը եւս գնացել է, հասել է այն ժամանակ, երբ արդեն կոտրել են շենքի պատուհանները.
«Հասկացա, որ էնտեղ խուլիգանություն ա գնում, դուրս եմ եկել Կառավարության շենքից. աթոռ, սեղան շուռ տալ, քացով դռներին հարվածել»:
Վկան ասաց՝ հետո գնացել է կառավարական առանձնատան մոտ, վերադառնալիս լսել է, որ ցուցարարները Արարատ Միրզոյանին են բռնել:
Գարիկ Մարկոսյան - երբ որ առաջացել եմ էդ կողմի վրա, մեքենան տեսել եմ, բայց պարոն Միրզոյանը չկար, մեքենայից 150-200 մետր հեռու պարոն Միրզոյանին եմ հետո տեսել` գետնին ընկած, էնտեղ ասեղ գցելու տեղ չկար: Երբ որ հասել եմ պարոն Միրզոյանին, շորերը վրան չէր եղել, ներքնազգեստով անճանաչելի վիճակում, եթե չիմանայի` պարոն Միրզոյանն ա, չէի իմանա, որ ինքն ա, անգիտակից ընկած է եղել, ու մի անվտագության աշխատակից փորձել է էդ պահին օգնի իրան, պառկել ա վրեն, որ չխփեն:
Վկան պատմեց, որ բազմաթիվ քաղաքացիներ էին ցանկանում վնասել Միրզոյանին: Ըստ նրա ցուցմունքի՝ մեղադրյալ Բադոյանը երբ փորձել է հարվածել ԱԺ նախագահին, ինքը թույլ չի տվել: Վկան ասաց՝ ինքն ու մի տարեց մարդ են փորձել Միրզոյանին տեղափոխել մեկ այլ մեքենա, ընթացքում կրկին հարվածներ են հասցրել Միրզոյանին.
«Դրեցինք ավոտմեքենայի մեջ, խփեցին, ավտոմեքենայի հետևի պադբրիսը ջարդեցին ու էլի փորձում էին վնասներ տալ: Ավտոմեքենան չէր խոդ ընկնում, մեքենան բրդելով ենք տարել»:
Գարիկ Մարկոսյանն ասաց՝ Արա Բադոյանի ձերբակալումից հետո իր հետ են հանդիպել մեղադրյալի ծանոթները:
Գարիկ Մարկոսյան - Եղել ա մեղադրյալի եղբայրը և մեզ ընդհանուր ծանոթ տղա Էրիկը: Ասել են, որ Արային ձերբակալել են, ես էլ ասել եմ, որ ես կապ չունեմ, ես չեմ ուզում խառնվեմ: Էն պահն էր` եթե ես տեսել եմ, որ Արան չի խփում, գամ դատարան` որպես վկա, և ցուցմունք տամ, որ չի խփում, եթե վստահ եմ դրա վրա, ես էլ ասել եմ` ինձ մի խառնեք:
«Ինչու են հատկապես եկել ձեզ մոտ» հարցին ի պատասխան` վկան ասաց՝ տեսագրությունում երևում է` ինչպես է նա Արային հետ հրում, որպեսզի Միրզոյանին չհարվածի:
Ըստ մեղադրանքի՝ Արա Բադոյանը ճեղքել է Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը, մոտեցել է գետնին ընկած Միրզոյանին և նրան հարվածելու դիտավորությամբ ոտքը կտրուկ շարժել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ ոտքը չի դիպել Միրզոյանին: Բադոյանը կալանավորվել էր բռնության դրվագով, իսկ Միրզոյանի մահափորձի գործով անցնում է մեկ այլ մեղադրյալ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան