Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի համար մեղադրվող 23-ամյա Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը երեք ամսով երկարաձգվեց։ Որոշումը կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Միրզոյանի մահափորձի գործով առաջին նիստում։ Նիստը տեսանկարահանելու «Lուրեր»-ի միջնորդությունը մերժվեց, քանի որ դեմ էր ամբաստանյալը։
Այս նիստը պետք է դեռ երեկ կայանար, սակայն մեղադրյալի պաշտպաններ Արմեն Սողոմոնյանն ու Արթուր Գրիգորյանը չէին ներկայացել՝ նշելով, որ ժամանակ չեն ունեցել պատրաստվելու նախնական դատալսումներին, բացի այդ, մեկ այլ` նախապես նշանակած նիստ ունեն։ Այսօր եւս պաշտպանները չեն ներկայացել։ Մեղադրյալ Ասատրյանը հայտարարեց, որ հրաժարվում է առանց իր պաշտպանների մասնակցել նիստին: Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը նշեց՝ պաշտպանները դիտավորյալ չեն ներկայացել։
Գորիկ Հովակիմյան (հանրային մեղադրող) - Իմ կարծիքով, նպատակը մեկն է, իրավաբաններս տեղյակ ենք, որ դատարանի համար որոշակի պարտականություններ են սահմանվել` որոշակի հաջորդականությամբ քննության առարկա դարձնել նախնական դատալսումների վերաբերող հարցերը։ Այդ հարցերի շարքում է նաև մեղադրյալի կալանքի տակ պահելու հարցի քննարկումը։ Գաղտնիք չեմ բացի, որ այդ ժամկետը լրանում է վաղը եւ, հետևաբար, իմ գնահատմամբ՝ պաշտպանները ուղղակի ցանկանում են ստեղծել մի այնպիսի վիճակ, որ հնարավոր չլինի քննարկել այդ հարցը։
Դատավոր Գագիկ Պողոսյան էլ տեղեկացրեց, որ դատարանը բոլոր հնարավոր միջոցներով փորձել է ծանուցել այսօրվա նիստի մասին, բացի այդ, նշեց, որ աշխատակազմը պարզել է, որ պաշտպանները առնվազն 7 օր առաջ ծանուցված են եղել։ Ինչ վերաբերում է պաշտպանների պնդմանը, թե այլ նիստի պետք է մասնակցեին, ապա դատավորն ասաց` այն ավելի ուշ ժամի է նշանակված է եղել, ավելին, չի կայացել: Ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանն էլ հայտարարեց՝ իրեն վերագրվող մեղադրանքը լուրջ է, և ինքը չի կարող ինքնուրույն պաշտպանել իր շահերը։
Թորգոմ Ասատրյան (ամբաստանյալ) - Ես առաջարկում եմ նիստը տեղափոխել նենց օր, որ բոլորին հարմար լինի, բոլորը կարողանան գտնվել էս վայրում ու իմ շահերը կարողանան պաշտպանեն։
Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց գործով հանրային պաշտպան ներգրավել` հաշվի առնելով հանրային շահն ու պաշտպանների նիստին մասնակցելու անհնարինությունը։ Մեկ ժամվա ընդմիջումից հետո դատարան ներկայացավ հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը։ Ամբաստանյալը, սակայն, դեմ էր նրա ներգրավմանը։
Թորգոմ Ասատրյան - Չեմ ուզում, որ, կոպիտ ասած, «վիճակահանությամբ» մի հատ պաշտպան գա ու իմ իրավունքները պաշտպանի։
Չնայած ամբաստանյալի տեսակետին` պաշտպանը մեկ ժամ խնդրեց նյութերին ծանոթանալու և Ասատրյանի հետ առանձնազրույց ունենալու համար։ Նիստը վերսկսվելուց հետո ամբաստանյալը կրկին հայտարարեց՝ հրաժարվում է պաշտպանից, և եթե դատարանը որոշել է այսօր նիստը շարունակել, ապա ինքն ինքնուրույն կարող է իրեն պաշտպանել։ Դատարանը, այնուամենայնիվ, որոշեց չընդունել պաշտպանից հրաժարումը և սկսեց նախնական դատալսումները, ինչի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել ամբաստանյալի խափանման միջոցը, քանի որ, ըստ նրա, Ասատրյանը, մնալով ազատության մեջ, կդիմի փախուստի և կխոչընդոտի քննությանը:
Պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, սակայն, նշեց, որ իր պաշտպանյալը չի կարող որևէ ազդեցություն ունենալ արդեն իսկ ցուցմունք տված անձանց վրա։ Նա միջնորդեց անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրել: Դիրքորոշում հայտնեց նաև ամբաստանյալը։
Թորգոմ Ասատրյան - 2020 թվականից ես ազատության մեջ եմ եղել և դրանով հանդերձ` բազմաթիվ մրցաշարարերի եմ մասնակցել տարբեր երկրներում, եթե ես արած լինեի դա, ուրիշ երկրում գտնվելու դեպքում հետ չէի գա։ Իսկ ինչ վերաբերում ա նրան, որ ես կարող եմ ինչ որ ձև ազդել վկայություն տվող անձանց վրա, վկայություն տվող անձինք հանդիսանում են իշխանության գործող անձինք, ու, կոպիտ ասած, ես չեմ կարա ազդեմ իրանց վկայության վրա։
Ասատրյանն ասաց՝ չկա ցուցմունք, որ ինչ-որ մեկը տեսած լինի իրեն հարվածելիս։ Դեպքի օրը նա, իր իսկ խոսքով, եղել է Ազգային ժողովի մոտ՝ հորը տուն տանելու համար: 2020թ-ին, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, Կառավարության շենքերը, իսկ Ազգային ժողովի հարակից տարածքում բռնության ենթարկվեց այդ ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ մեղադրանքի՝ Ասատրյանը ճեղքել է Ազգային ժողովի նախագահին շրջապատած անձանց, հրել թիկնապահներին և ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել Միրզոյանին: Գործով նիստը կշարունակվի սեպտեմբերի 4ին։ Տուժող Արարատ Միրզոյանն այս նիստին չէր մասնակցում, աշխատանքային այցով Վիեննայում է:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան