Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն այսօր կքննարկվի Եվրամիության Արտաքին գործերի խորհրդի նիստին: Օրակարգում է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի դադարեցման ֆոնին հնարավոր լուծումները:
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արտաքին գործերի խորհրդի նիստը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ:
Ի թիվս այլ միջազգային հարցերի՝ նախատեսվում է քննարկել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և այդ հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատանքը: Օրակարգի գլխավոր թեման լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Բրյուսել Արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն անդրադարձել է Հացահատիկի գործարքից դուրս գալու՝ Մոսկվայի որոշմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան Կիևին զրկում է հացահատիկի արտահանման հնարավորությունից, ուստի Բրյուսելը կավելացնի ռազմական աջակցությունն ՈՒկրաինային: ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստացել է «զգալիորեն ընդլայնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ռեսուրսները»՝ մեծացնելու Կիևին զենքի մատակարարումները։ Թեմային անդրադարձել են Վաշինգտոնից:
Ռուսաստանը շարունակում է հացահատիկն օգտագործել որպես զենք՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ արդեն երկրորդ օրն է Մոսկվան սպառնալիքներ է հնչեցնում միջազգային ջրերում գտնվող նավերի դեմ:
Հացահատիկի գործարքից դուրս գալու՝ Մոսկվայի որոշման ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, զգուշացրել՝ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։ Սևծովյան համաձայնագիրը չերկարաձգելու Ռուսաստանի որոշումից հետո ցորենի միջազգային գներն բարձրացել են։ Մեկ օրում եվրոպական ֆոնդային բորսայում ցորենի գներն աճել են 8.2 տոկոսով, եգիպտացորենի գները՝ 5.4 տոկոսով:
ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 60 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՀԱՑԱՀԱՏԻԿ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանի կողմից Օդեսայի նավահանգստին հասցրված հարվածների հետևանքով ոչնչացվել է 60 հազար տոննա հացահատիկ, որը նախատեսված էր Չինաստան արտահանելու համար։ Նրա խոսքով հարձակման ենթարկված նավահանգիստներում պահվում է մոտ մեկ միլիոն տոննա պարենամթերք, որը պետք է մատակարարվի Աֆրիկայի և Ասիայի երկրներ:
Զելենսկին նշել է, որ այս գիշեր Օդեսայի վրա հարձակումը Ռուսաստանի կողմից Ուկրաինային լայնամասշտաբ վնաս հասցնելու ամենամեծ փորձն է եղել:
Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը երրորդ գիշերն անընդմեջ հրթիռային հարվածներ են հասցնում Օդեսայի նավահանգստին։ Անցած գիշեր նույնպես թիրախավորվել են լոգիստիկ օբյեկտները: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով՝ ռուսական կողմն օգտագործում է՝ գերձայնային հականավային հրթիռներ։ Տեղեկություններ կան նաև Նիկոլաևում պայթյունների մասին:
ՕՄԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Օմանը ջանքեր է գործադրում միջուկային բանակցությունների կողմ երկրների դիրքորոշումներն մոտեցնելու համար և այդ շրջանակներում որոշ նախաձեռնություններ է ներկայացրել, որոնք ուսումնասիրվում են Իրանի կողմից:
Աբդոլլահիանը նաև հայտնել է, որ Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը իրանական կողմն առաջարկել է Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության ձևաչափ ստեղծել, որին հնարավոր է միանա նաև Եմենը: