Մարգարա անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Այնուհետև լրագրողների խնդրանքով անդրադառնալով «Կոկաին» տեսակի թմրամիջոցների բացահայտումներին՝ Ռուստամ Բադասյանն ասաց. «Նշված գործի հետ կապված տեղեկություն չունենք, նախաքննության փուլում է: Դրանից հետո Սյունիքում հայտնաբերված դեպքերը, որքան որ ես եմ տեղյակ, բոլոր խոշոր դեպքերը անցել են ոչ թե սահմանային անցման կետով, այլ գետի վրայով, նետումներով և այլ եղանակներով: Դրանց մասին ևս տեղեկություն չունենք: Իսկ ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվածները՝. թե՛ ֆենտանիլի հետ կապված, թե՛ մետամֆետամինի հետ կապված, հայտնաբերումներ ունենք, որի մասին հենց հրապարակման փուլը գալիս է, մենք անպայման ասում ենք»:
ՊԵԿ նախագահը նշեց, որ թմրանյութերը ներկրվում են տարբեր մարդկանց կողմից:
«Մետամֆետամինի վերջին դեպքը, օրինակ, եղել է Իրանի հետ սահմանին, անցակետով է անցել, բավական բարդ եղանակով թաքցված, սկանավորման միջոցով կասկած է առաջացել, բացվել է պայուսակը, և այնտեղ հայտնաբերվել մետամֆետամին, և հետո այդ նույն շղթայով այլ դեպքեր են հայտնաբերվել»,- ասաց Բադասյանը: