ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՀՈՒՆԻՍԻՑ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի զինված ուժերում հունիսից մեկնարկել է զինառայողների ատեստավորումը: Կամավոր ատեստավորման հայտ ներկայացրած 4000 զինծառայողից մոտ 1000-ը հանձնել է քննությունները: Պաշտպանության նախարարի խոսքով՝ լավ պատրաստված ստորաբաժանումները կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Իմ՝ վերջին օրերին տարբեր ստորաբաժանումներում լինելու արդյունքում ու զրույցի արդյունքում, կարող եմ արձանագրել, որ կա ընկալում, որ պատրաստվածության մակարդակն ամենօրյա ռեժիմով պետք է բարձրացնել և ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ:
Նախարարի վստահեցմամբ՝ գործընթացը առողջ է, կան դժվարություններ, թերություններ, որոնց շտկման ուղղությամբ գործնական արագ քայլեր կկատարվեն:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հիմա կարո՞ղ ենք ասել, որ, որ օգոստոսի 1-ից Զինված ուժերում փաստացի կունենանք զինծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է:
Սուրեն Պապիկյան - Այո, պարոն վարչապետ, որովհետև մենք ունենք ատեստավորման տարբեր սանդղակներ: Կա բավարար նշաձող, կա լավ, և կա գերազանց: Այսինքն՝ մենք արդեն ունենք զինծառայողներ, որոնք հաղթահարել են գերազանցի նշաձողը: Նրանց աշխատավարձը ոչ թե կրկնակի, այլ կրկնակիից ավելի է բարձրացել: Կառավարությունն, ըստ էության, ստեղծել է այդ հնարավորությունը, որ ամեն ինչ կախված է պատրաստվածության մակարդակից:
Արդյունքը բարելավելու համար զինծառայողները նվազագույնը 3 ամիս անց կրկին կարող են դիմել ատեստավորման: Վարչապետն այս համատեքստում անդրադարձավ նաև բանակ զորակոչված 2 եղբոր մասին «Զինուժ»-ի տեսանյութին: Երիտասարդները «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ են, որոնք որոշել են ատեստավորվել:
Նիկոլ Փաշինյան - Եղբայրներից մեկը հաղթահարել էր, մյուսը՝ ոչ: Բայց պայմանագրային ծառայության է անցել և պատրաստվում է շարունակել: Վերադարձել են իրենց տուն, ապրում են տանը, դարձել են պրոֆեսիոնալ զինվոր, կծառայեն ծանոթ միջավայրում:
Սուրեն Պապիկյան - Նրանց զորամասը նաև մարտական հերթապահություն իրականացնող է, բավարարի դեպքում 330 հազար դրամ, լավի դեպքում 420 հազար դրամի մասին է խոսքը:
Վարչապետն այս օրինակով արձագանքեց պրոֆեսոնալ բանակ հիմնելու, ժամկետային զինծառայության մոտեցումները փոխելու իրենց քաղաքակնության հասցեին հնչող քննադատություններին: Ապա անդրադարձավ մեկ այլ ձեռքբերման: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այս տարի կունենա դիմորդների թվի զգալի աճ: Ըստ վարչապետի՝ սա ռազմական համալսարան ընդունված, ավարտած, ծառայության անցած սպաներին բնակարան տալու վերաբերյալ որոշման արդյունք է: Վարչապետը կարևոր համարեց նաև սպայական ավագ դպրոցի և համալսարանի ստեղծումը, որոնք կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում:
ՀՀ-ՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՄԻՆՉԵՎ 8 ԲՈՒՀ՝ 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծն առաջիկայում պատրաստ կլինի, ըստ բուհերի կկազմվեն նախագծերը: Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց նաև այս տարվա բուհական ընդունելության ցուցանիշներին:
Նիկոլ Փաշինյան - Մեր բուհական համակարգը խոր ճգնաժամի մեջ է, խոր համակարգային, բովանդակային ճգնաժամի մեջ է, Կառավարության պարտքն է ճգնաժամը հաղթահարել: Կառավարությունը ունի ծրագիր՝ ինչպես հաղթահարել: Հաջորդն այն է, որ ծրագիրը սկսել է իրագործվել: Խոսքը Ակադեմիական քաղաքի մասին է: Կուզեի մի դրվագ ներկայացնել՝ կապված ագրարային կլաստերի, Ակադեմիական քաղաքի հարաբերությունների հետ: Ակադեմիական քաղաքում պետք է լինեն մի քանի տասնյակ հա փորձարարական վարելահողեր, այգիներ, բուհին կից, որ ուսանողը լսարանից դուրս գալու այգի մտնելու, ամփոփելու, լսարան վերադառնալու հնարավորություն ունենա:
ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2030 թվականը ազդարարում է կրթության զարգացման ռազմավարության իրագործման փուլ: Հայաստանում կգործի մինչև 8 բուհ՝ 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ: Բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները մինչև փետրվարի 15-ը մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու և հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն: Առանձնացվել է 6 ուղղություն:
Ժաննա Անդրեասյան - Դասական ուղղվածությամբ բուհը, որտեղ պետք է լինեն հիմնականում հիմնարար գիտությունները, այդ թվում՝ թե՛ բնագիտական, թե՛ հասարակական, թե՛ հումանիտար բնագավառների, բժշկական ուղղությունը, տեխնոլոգիականը, որում ներառվելու են կիրառական գիտությունները՝ ճարտարագիտության բնագավառը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները, կրթականը, արվեստներինը, սպայականը:
1-ին փուլում այս 6 ուղղությունից 4-ը՝ տեխնոլոգիականը, կրթականը, արվեստներինը և սպայականը, կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում: 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան միայն խոշորացված բուհերը և դրանց միավորված գիտական կազմակերպությունները:
Ժաննա Անդրեասյան - էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը, որպեսզի հետազոտությունը դառնա բարձագույն կրթության անբաժանելի մասը: Եվ առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների զարգացման ծրագրերին, որն էլ կօգնի ապահովել մրցունակությունն այն բարձրագույն կրթության, որը նախատեսում ենք ունենալ:
Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք գործող բուհական և գիտահետազոտական մեր հանրությանը խնդրում ենք, կոչ ենք անում, որ իրենք իրենց քննարկումների միջոցով փորձեն ձևավորել պատկերացումներ, թե ինչպես կարող են համագործակցել, միավորվել և այլն, որպեսզի մենք այս ծրագիրն արդեն կոնկրետության մեջ իրագործենք: Մենք պարտավորվում ենք ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխանող բուհեր, բուհերի ֆինանսավորում՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով: 2027-ից հետո մենք թույլ չենք տալու հավաստագրման, արտոնագրման, լիցենզավորման պայմաններին չբավարարող բուհերի գոյություն ՀՀ-ում՝ ո՛չ մասնավոր, ո՛չ պետական: Էլի ուզում եմ ասել՝ այսօր ՀՀ-ում չկա գեթ 1 բուհ՝ ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը մեր օրենսդրությամբ և հավաստագրման, արտոնագրման պայմաններին համապատասխանի. չկա այդպիսի բուհ:
Նախարարի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի նախագծման համար երկրաբանական աշխատանքը սկսվել է: Գործընթացը կիրականացվի գերմանական ճարտարապետական ընկերության, Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի հետ: Ըստ Անդրեասյանի՝ խոշորացման գործընթացին կարող են միանալ նաև ոչ պետական բուհերը:
43 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռազմական և կրթական ոլորտի հարցերին գործադիրն անդրադարձավ Բանակային խաղերի կազմակերպմանը վերաբերող նախագծի քննարկմանը: Օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր պետական մի քանի կառույցների մասնակցությամբ: Կհատկացվի 43 մլն դրամ, որից 30 մլնը մրցանակային ֆոնդն է:
Նիկոլ Փաշինյան - Նախ՝ զինծառայության առանձնահատկություններից ելնելով և ընդհանուր սոցիալ-հոգեբանական առումով կարևորում եմ, որ ծառայողների համար սոցիալական շփման միջավայր ձևավորվի: Մրցակցության ոգին, հմտությունների զարգացման ևս մեկ խթան ունենալն է: Հաջորդը՝ դրամական խթանը. լավագույնները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձը կկրկնապատկեն, բայց եթե մրցանակային հիմնադրամից բաժին ունենան, չի խանգարի, այս առումով ուժային կառույցների շփումը նման հարթակում փոխգործակցության որակը կավելացնի:
50 ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԽԹԱՆԵԼ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
50 միջոցառումով նախատեսվում է բարձրացնել գյուղոլորտի մրցունակությունն ու արտադրողականությունը, բարելավել պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունը: Անդրադառնալով գյուղոլորտի եռամյա ռազմավարությանը՝ վարչապետը նշեց, որ տնտեսական աճի ֆոնին գյուղոլորտի ցուցանիշները առնվազն տպավորիչ չեն: Ըստ նրա՝ ավանդական գյուղատնտեսությունն անկում է ապրում, ժամանակակից, ինտենսիվ գյուղատնտեսությունը՝ զարգանում, այդ թվում՝ Կառավարության օժանդակության ծրագրերով: Աջակցության ծրագրերն, ըստ վարչապետի, ցանկալի մասշտաբներ չունեն, բայց նկատելի է՝ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի կառուցման գործընթացը դժվար, բայց առաջ է գնում:
Նիկոլ Փաշինյան - Պետք է ջանքերը կենտրոնացնել գյուղատնտեսության ոլորտում և առաջնահերթություններ սահմանել: Ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների. տարբերակ չկա: Ցածր կաթնատվությամբ խոշոր եղջերավոր անասունի ֆերմաները կամ գլխաքանակը չեն կարող շահութաբեր կամ եկամտաբեր լինել: Պետք չէ ակնկալել, որ բիզնեսը, մասնավոր հատվածը որևէ ապրանք կգնի այդ ապրանքի արժեքից, գնից ավելի թանկ գնով: Որակի հաշվին է գինը պետք բարձրացնել, ոչ թե Կառավարության որոշումների։
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագրով գործադիրը կաջակցի «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ընկերությանը՝ իրականացվող ներդրման 20 տոկոսի չափով նշված ենթակառուցվածքի՝ մինչև 300 հա հողամասերի ոռոգման ջրագծի և պոմպակայանի կառուցման միջոցով: Այդ նպատակով բյուջեից կհատկացվի ավելի քան 257 մլն դրամ: Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերում մոտ 3000 հեկտարի վրա կհիմնվեն նուշի ինտենսիվ այգի և ֆերմերային խոշոր տնտեսություն։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այս պահին ներկայացված հայտերի ընդհանուր հանրագումարը 25 մլրդի ներդրումային ծրագիր է:
Վարչապետը հիշեցրեց՝ նախագիծը մշակվել է՝ Քովիդից առաջ Ջերմուկում ներդրողներից մեկի հետ հանդիպումից հետո, երբ արձանագրել են, որ գործարարի կառուցած հյուրանոց տանող ճանապարհը քարուքանդ է: Կառավարությունը որոշել է խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում բարելավել ենթակառուցվածքները: Այս նիստում հաստատվեց այս ծրագրով առաջին միջոցառումը: