44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած Արամ Արզումանյանին ընդունեց վարչապետը: Արարատի մարզ այցի ընթացքում Արզումանյանի ծնողները Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էին իրենց որդու խնդիրը, նշել, որ նրա հաշմանդամության կարգը 1-ինից փոխվել է 2-րդի: Այսօր զինծառայողը վարչապետին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին ներկայացրեց իր խնդիրը:
Արամ Արզումանյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Ունեմ երկու ոտքի ամպուտացիա, մատների կոտրվածք ունեմ, չեմ կարողանում մատներս օգտագործել, բութ մատս չի ծալվում, ազդրի կոտրվածք ունեմ, որ մինչև այսօր չի լավացել, մոտ 2 սմ կարճացել է ձախ ոտքս, փորիս վիրահատությունն էլ դարձել է քրոնիկ, տարին 1 անգամ ջուր է հավաքվում, դեղամիջոցներով իջեցնում են ջուրը:
Արամ Արզումանյանը պատմեց՝ պրոթեզներով երկար չի կարողանում քայլել, ցավեցնում են, պարբերաբար պետք է հանի, հանգստանա:
Արամ Արզումանյան - Ես որ նայում եմ` մենակ կարողանում եմ քայլել, այսինքն` մի օր կարող ա քայլեմ 10 քայլ, մի օր` 5, երբ պրոթեզները հանում եմ, ոչինչ էլ չեմ կարողանում անել, կուտյաներիս հետ կապված ա խնդիր լինում, քաշս երբ որ ավելանում ա, ոտքերս ուռում են, պրոթեզը ինքը մի մակարդակ ունի:
Նախարար Մկրտչյանը մանրամասնեց՝ առաջին կարգ Արամը ստացել է 2020-ին, պրոթեզավորումից հետո, երբ սկսել է քայլել, վերափորձաքննություն է եղել, կարգը փոխվել է առաջինից երկրորդ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Եթե կասեն, որ օրինակ պրոթեզները հիմա կարիք ունեն փոփոխման, մոդիֆիկացիայի կամ նորի, մենք պատրաստ ենք գնալ և ավելի լավ պրոթեզներ առնել:
Անդրադառնալով Արամ Արզումանյանի հարցերին՝ վարչապետը շեշտեց՝ դրանք օբյեկտիվ ու տրամաբանական են, շարունակեց` պետք է խնդիրների լուծման մեթոդաբանություն մշակել: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ընդհանուր համակարգի մասին, նշեց՝ կարգի տրամադրման քաղաքականությունը բերում են միջազգային ստանդարտի:
ՄԵՐ ԽՆԴԻՐՆ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՆ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարգը նպատակ չէ, այն միջոց է՝ խնդիր լուծելու համար: Քաղաքականության իմաստը հետևյալն է. այդ մեթոդաբանությունն ասում է՝ մի գնահատի՝ մարդը ոտքեր ունի՞, թե՞ ոչ, այլ գնահատի՝ կարողանո՞ւմ է քայլել, որևէ ձևով նրա քայլելու ընդունակությունը վերականգնվե՞լ է, թե՞ ոչ: Եվ մենք համարում ենք, որ այդ քաղաքականությունը ճիշտ է: Մեր քաղաքականությունն անձի ֆունկցիաները վերականգնելն է: Բոլորս անընդհատ կենտրոնանում ենք կարգի վրա, սակայն կարգը նպատակ չէ: Պետք է գնահատել, թե ֆունկցիոնալությունն ինչքանով է վերականգնված: Պետք է կարգի տրամադրման մեթոդը փորձենք հասկանալ՝ ինչքանո՞վ է արդյունավետ, և ի՞նչ պետք է անել, որ արդյունավետությունը բարձր լինի:
Վարչապետը շեշտեց՝ պետք է շահառուներին ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն պրոթեզներով, և այս ամենը պետք է պետբյուջեի հաշվին արվի:
Նիկոլ Փաշինյան - Մենք ուզում ենք, որ ոչ թե դուք և մեր մյուս զավակներն ու եղբայրները հաշմանդամության կարգ ունենան, այլ որ լիարժեք վերականգնվեք, կարողանաք կրթություն, աշխատանք ստանալ, այսինքն՝ լիարժեք գործունեություն ծավալել, և ձեր գործունակությունը վերականգնվի: Այն դեպքերում, երբ սա չի հաջողվի, փորձաքննությամբ հաշմանդամության կարգը կսահմանվի, որը մեզ ազդակ կտա, որ ֆունկցիոնալության խնդիր կա:
Նախարար Մկրտչյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ է ստացել ավելի քան 1450 զինծառայող, վերափորձաքննությունից հետո թիվը 900-ի հասել: Վարչապետը հիշեցրեց նաև հաջորդ տարվանից ներդրվող առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը, արձանագրեց՝ 44-օրյա պատերազմի հաշմանդամություն ունեցած անձանց հենց առաջին փուլում պետք է ընդգրկել այս համակարգում:
Նիկոլ Փաշինյան - Մեր խնդիրն այն չէ, որ ասես՝ այս ինչ լավն է Կառավարությունը՝ ինձ առաջին կարգի հաշմանդամության կարգ տվեց: Մեր խնդիրն այն է, որ դու լիարժեք քայլես, վազես, սովորես, աշխատես, ապրես: Խնդրում եմ՝ մեզ նաև մի մղեք այն ուղղությամբ, որ հաշմանդամության կարգ տրամադրենք ու ասենք՝ այս ինչ հարց լուծեցինք: Մեզ պետք է, որ դուք չունենաք հաշմանադամության կարգ: Մեզ պետք է այնպիսի ժամանակակից ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել, որը և հարմարավետ կլինի, և ֆունկցիոնալ:
Նիկոլ Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին հանձնարարեց պատերազմի մասնակից, հաշմանդամություն ունեցող տղաների առողջության հետ կապված լրացուցիչ խնդիրների լուծման տարբերակներ մշակել, անհրաժեշտության դեպքում Կառավարության որոշման նախագիծ ներկայացնել: Առաջիկա ամիսներին նոր հանդիպում կկազմակերպվի, որին կմասնակցեն նաև հաշմանդամություն ունեցող այլ տղաներ: Վարչապետի գլխավորությամբ կշարունակվի խնդիրների քննարկումը և լուծման հետագա քայլերը: