Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 20-ին, անցկացվել է հանդիպում-քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ։ Այդ մասին ասված է ՄԻՊ ֆեյսբուքի էջում:
«Մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Քննարկումն անցկացվել է «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հավաքների ազատության իրավունքի երաշխավորման համատեքստում. միջազգային իրավական չափանիշների և ներպետական հիմնախնդիրների ներկայացումը» թեմայով, և կրել է հարցուպատասխանի ձևաչափ:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում Արմեն Հարությունյանի մասնագիտական փորձը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա 2006-2011թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները շատ կարևոր են աշխատակազմի և իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման, իրավական բարձր մշակույթի և խնդիրների հասցեագրման մեթոդաբանության ձևավորման տեսանկյունից։
Արմեն Հարությունյանն անդրադարձել է քննարկման ընթացքում բարձրաձայնված մի շարք իրավիճակային խնդիրների՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության համագործակցության կարևորությունը՝ երաշխավորելու հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Ոստիկանության հետ համագործակցությունը՝ նշելով, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվող խնդիրները կարող են կարևոր ազդակ լինել պրակտիկան կատարելագործելու տեսանկյունից։
Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել անհամաչափ ուժի կիրառման խնդիրներին, քննարկվել են ոլորտին առնչվող միջազգային չափանիշները:
Ամփոփելով միջոցառումը՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Արմեն Հարությունյանին հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցելու համար, ինչպես նաև նման ձևաչափով շարունակական հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնել»,- նշված է գրառման մեջ։