Հացահատիկի գործարքի դադարեցումը հանգեցրել է գնաճի: 2022-ի հունիսին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Սև ծովում բացում էր անվտանգ միջանցքներ, որոնցով Ուկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկ էր արտահանվում: Ռուսաստանը չէր միջամտում գործընթացին և երաշխավորում էր անվտանգությունը։
Ավելի քան մեկ տարի անց՝ հուլիսի 18-ին, ՌԴ-ն չերկարաձգեց գործարքի ժամկետը` պատճառաբանելով, որ իր առաջադրած պայմանները չեն կատարվել: Իսկ Մոսկվան պահանջել էր հանել ռուսական գյուղմթերքի և պարարտանյութերի արտահանման, ինչպես նաև ռուսական նավերի այլ նավահանգիստներ մուտքի սահմանափակումները, «Ռոսսելխոզբանկ»-ը կրկին միացնել SWIFT համակարգին, վերսկսել Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործումը և երկիր գյուղտեխնիկա մատակարարել:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Ռուսաստանի ցորեն արտահանողները, իհարկե, այս գործարքի արդյունքում մեկ տարվա ընթացքում շուրջ 60 մլն տոննա ցորեն են արտահանել, սակայն բավական զեղչված գներով, և իրենց փաստացի վնասն, ըստ Ռուսաստանի տվյալների, շուրջ 1 մլրդ դոլար է կազմում, այսինքն` այդքան էլ ձեռնտու չէ Ռուսաստանի համար տնտեսապես այդ գործարքին ակտիվ մասնակցությունը և դրա շարունակականությունը:
Ռուսաստանի՝ համաձայնագրի չերկարաձգման մասին հայտարարությունից հետո Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 4.24%-ով՝ հասնելով 6.89 դոլարի՝ մեկ բուշելի դիմաց, ինչը հավասարազոր է 27 կգ-ի:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Եթե հաշվի առնենք այն փաստը, որ համաշխարհային ցորենի արտահանման մոտ 1/3-րդը ապահովվում է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից, սա կարող է բավականին լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Իհարկե, այնպես չէ, որ այդ ամբողջ ցորենն արտահանվում էր սևծովյան միջանցքով, որովհետև ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը այլ հաղորդակցության միջոցով կարողանում են արտահանել, բայց մասշտաբներն իսկապես մեծ են, և խնդիրները շատ են այս առումով:
Ի սկզբանե ՄԱԿ-ը հայտարարում էր, որ այս համաձայնությունն անհրաժեշտ էր, որ կարիքավոր երկրները հացահատիկի խնդիր չունենան, սակայն ռուսական կողմի պնդմամբ՝ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասն Ուկրաինայից արտահանվել է զարգացած արևմտյան երկրներ: Ըստ ՄԱԿ-ի տվյալի` այս մեկ տարվա ընթացքում ուկրաինական նավահանգիստներից 32 միլիոն տոննա պարենային ապրանքների անվտանգ անցում է կազմակերպվել, որից 725 հազարը որպես մարդասիրական օգնություն ուղարկվել է Աֆղանստան, Եթովպիա, Քենիա, Սոմալի, Սուդան և Եմեն:
Սոս Խաչիկյան - Լուծումներ, կարծում եմ, կառաջարկվեն, իհարկե, քաղաքական փոխզիջումներ տեղի կունենան, հնարավոր է` դրանք տեղի ունենան որոշակի երկարաժամկետ հատվածում որոշակի քննարկումներից հետո... բոլոր կողմերին էլ, կարծում եմ, ձեռնտու է վերականգնել հացահատիկային գործարքը, որովհետև ինչպես եկամուտների մասով, այնպես էլ քաղաքականության մասով ունեն շահեր: Պահանջները ռուսական կողմից կամ կբավարարվեն, կամ կվերանայվեն այլ համատեքստում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից նշել են՝ պատրաստ են դիտարկել հացահատիկի գործարքի վերականգնման հարցը, երբ արևմտյան երկրները չեղարկեն ռուսական պարարտանյութերի և սննդամթերքի մատակարարման պատժամիջոցները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ կփորձի համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նրանք հանդիպեն օգոստոսի սկզբին։ Հացահատիկի շուրջ աշխարհաքաղաքական այս լարվածությունը Հայաստանի վրա էական ազդեցություն չի ունենա, նշում է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը:
Կարեն Սարգսյան - Հայաստանի հացահատիկի պահանջարկը տարեկան միջինում գնահատվում է շուրջ 527 հազար տոննա, որից 385 հազարը ներկրվում է, և դրա գերակշիռ մասը՝ շուրջ 99 տոկոս և ավել` ՌԴ-ից, որի հիմնական մասը ցորենն է: Հայաստանն ունի նաև իր որոշակի ռազմավարական պաշարները, և կարծում եմ` այս պահի դրությամբ, թեկուզ այդ ցորենի գործարքից ՌԴ-ի հրաժարումը ԵԱՏՄ երկրների մասով որևէ խնդիրներ չի առաջացնի, և մատակարարումներ կիրականացվեն` ըստ սահմանված պայմանագրային գների և ծավալների:
Ըստ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում ցորենի ինքնաբավությունը 27.5 տոկոս է:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան