Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև միջանցքի արգելափակման թեմային՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ, և ոչ միայն հրապարակային հարթությունում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարմանն, ապա առանձին երկրներ և միջազգային կառույցներ տարբեր տարբերակներ են մշակում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, սակայն չի հստակեցրել՝ ինչ տարբերակներ նկատի ունի, և որ կառույցների մասին է խոսքը։
ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան, անդրադարձել է նաև Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությանը և դիտարկմանը, թե արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև վերջին տարաձայնությունները չեն ազդի եռակողմ հանդիպման կազմակերպման վրա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ հանդիպում անցկացնելու լավ հնարավորություններ կան:
Մարիա Զախարովա - Արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունները շատ լավն են: Այդ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ աշխատող փորձագետներից հստակ ժամկետների վերաբերյալ առաջարկներ ստանալուն պես՝ անպայման կտեղեկացնենք ձեզ:
ԱՆԿԱՐԱՆ 2020 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ ՉԷ. ԶԱԽԱՐՈՎԱ
Զախարովան անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջերս հնչեցրած հայտարարությանը, թե 2025 թվականին Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս կգա: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է՝ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ եռակողմ հայտարարության կողմ չէ:
Մարիա Զախարովա - Ցանկանում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այդ փաստաթղթի հիման վրա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորախումբը։ Հենց այդ փաստաթղթում են նշված ինչպես զորախմբի տեղակայման ժամկետները, այնպես էլ դրա՝ ևս հինգ տարով հնարավոր երկարաձգման պայմանները: Ներկայիս լարվածության պայմաններում խաղաղապահների գործունեության պահանջարկը է՛լ ավելի մեծ է։
Զախարովան ընդգծել է նաև, որ Մոսկվան կարևորում է թուրքական կողմի հետ գործակցությունը Աղդամի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում և հավելել՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը բխում է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այդպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծիք է հայտնել, թե ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում նշանակալի ներդրում կունենար սահմանային իրավիճակի կայունացման գործում: Նրա խոսքով՝ այս հարցում գնդակն այժմ Հայաստանի դաշտում է:
Զախարովան չի հստակեցրել, թե ինչպես են Մոսկվայում վերաբերվում Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող բազմակողմանի աջակցության փաստին, որպես վերջին դրսևորում լրագրողը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանի կառավարությունը շուրջ 7.6 միլիոն ամերիկյան դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինայի համար էլեկտրական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Դիվանագետը նշել է՝ բոլոր հարցերը Մոսկվան ուղիղ քննարկում է Բաքվի հետ: