ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Կարեն Մաթևոսյանին՝ ընդգծելով, որ վերջինիս ղեկավարման շրջանում կառույցը շարունակել է աշխատանքները բոլոր ուղղություններով և ապահովել բնականոն գործունեությունը:
«Վերջին տարիներին մենք հնարավորություն ենք ունեցել աշխատելու Արա Խզմալյանի հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ ընթացքում համոզվել ենք, որ նա ունի թիմ համակարգելու կառավարչական բոլոր հմտությունները, գիտելիքն ու փորձառությունը, որոնք պետք են Մատենադարանի պես բազմաշերտ կառույցի ղեկավարման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ տնօրենին՝ ընդգծելով, որ նրա ղեկավարմամբ ցանկացած ձեռքբերում առաջինը պետք է դառնա պետության հաջողությունը. «Մատենադարանը մեր պետության համար եզակի արժեք ունեցող կառույց է, և յուրաքանչյուրս կրում ենք պատասխանատվություն այս կառույցի զարգացման, դերի բարձրացման, միջազգային հեղինակության ամրապնդման, բոլոր ուղղություններով աշխատանքների որակական փոփոխությունների համար»:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բոլոր խնդիրները՝ աշխատանքային պայմաններից, կիրառական հարցերից մինչև ավելի բովանդակային, համակարգային խնդիրներ, պետք է լուծվեն համատեղ ջանքերով և հոգաբարձուների խորհրդի գործուն մասնակցությամբ:
Մատենադարանի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել գիտաշխատողներին իր ներկայացրած զարգացման ծրագրին ծանոթանալու և այն գնահատելու համար. «Ես վերադարձել եմ հարազատ միջավայր, և իմ ներկայացրած զարգացման ծրագրի յուրաքանչյուր դրույթի շուրջ պետք է իրականացվի խորքային քննարկում, քայլերի քարտեզագրում. առաջնային և հրատապ խնդիրները պետք է ստանան առաջնահերթ լուծում: Բոլոր քայլերը կարվեն խորհրդակցական սկզբունքով և յուրաքանչյուրի մասնակցությամբ»:
Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ նոր ժամանակների մարտահրավերները պահանջում են ռազմավարական ծրագրեր՝ խնդիրներին դիմակայելու համար: Նա ընդգծել է տեղեկատվական պատերազմի, մշակութային ինքնության պահպանման ուղղությամբ Մատենադարանի՝ որպես առաջամարտիկ լինելու դերը, որտեղ կարևորագույն սկզբունքը լինելու են գիտությունը և գիտական չափանիշը:
Աշխատանքների պատշաճ իրականացման տեսանկյունից Արա Խզմալյանը կարևորել է համերաշխության և առողջ մթնոլորտը, բոլոր խնդիրները քննարկելու և կարգավորելու անհրաժեշտությունը:
«Մատենադարանը հայության ամենանվիրական, լուսավոր արժեքների, մտավոր ու հոգևոր փորձի խտացումն է: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս այս գիտակցությամբ հետևենք մեր խոսքին ու գործողություններին: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ կիսելու այս կարևոր պատասխանատվությունը: Մաղթում եմ խաղաղ և արդյունավետ աշխատանք»,- եզրափակել է խոսքը Մատենադարանի նորանշանակ տնօրենը: