ԵՄ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻ ՄԱՆԴԱՏԸ
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը բրյուսելյան հանդիպման շրջանակում երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը մինչև 2024 օգոստոսի 31-ը:
«Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես՝ Վրաստանի ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, անհրաժեշտության դեպքում՝ նրանց հարևան երկրների միջև»,- նշված է ԵՄ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կլաարն այս պաշտոնում է նշանակվել 2017 թ․ նոյեմբերի 13-ին։
ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՑ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ
ԵՄ խորհուրդն այսօր որոշում է կայացրել վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը երկարաձգել ՌԴ դեմ պատժամիջոցները։ Դրանք ներառում են տարբեր ոլորտներ՝ առևտրի, ֆինանսների, տեխնոլոգիաների և երկակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և այլն: ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան ԵՄ-ին զուգահեռ այսօր հայտարարեցին նոր պատժամիջոցների մասին, որոնք հիմնականում վերաբերում են Ռուսաստանի տարբեր ոլորտներ ներկայացնող քաղաքացիների:
ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը ոչ միայն կանգ է առել վերջին տարիներին, այլև խորը փակուղի է մտել, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը՝ հավելելով՝ այդուհանդերձ, Թուրքիային պետք է վերաբերվել որպես կարևոր հարևանի և գործընկերոջ, որի հետ ԵՄ-ն պետք է շարունակական բանակցությունների մեջ լինի։
ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Բրյուսելում Արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն անդրադարձել է Հացահատիկի գործարքից դուրս գալու Մոսկվայի որոշմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան Կիևին զրկում է հացահատիկի արտահանման հնարավորությունից, ուստի Բրյուսելը կավելացնի ռազմական աջակցությունն ՈՒկրաինային: ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստացել է «զգալիորեն ընդլայնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ռեսուրսները»՝ մեծացնելու Կիևին զենքի մատակարարումները։
Թեմային անդրադարձել են Վաշինգտոնից: Ռուսաստանը շարունակում է հացահատիկն օգտագործել որպես զենք, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ արդեն երկրորդ օրն է` Մոսկվան սպառնալիքներ է հնչեցնում միջազգային ջրերում գտնվող նավերի դեմ:
Հացահատիկի գործարքից դուրս գալու Մոսկվայի որոշման ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, զգուշացրել՝ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։ Սևծովյան համաձայնագիրը չերկարաձգելու Ռուսաստանի որոշումից հետո ցորենի միջազգային գները բարձրացել են։
Մեկ օրում եվրոպական ֆոնդային բորսայում ցորենի գներն աճել են 8.2 տոկոսով, եգիպտացորենի գները՝ 5.4 տոկոսով:
ԻՍԼԱՆԴԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-ՈՒՄ
Ռուսաստանում Իսլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մագնուս Հանեսոնը պաշտոնապես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ին օգոստոսի 1-ից Մոսկվայում իր երկրի դեսպանատան գործունեության դադարեցման մասին: Դիվանագիտական առաքելության աշխատանքը դադարեցնելու Ռեյկյավիկի որոշման մասին հայտնի էր դեռ հունիսի սկզբին։ Իսլանդիայի իշխանություններն իրենց որոշումը բացատրել են Ռուսաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունների ցածր մակարդակով, որի դեպքում դեսպանատան գործունեությունը նպատակահարմար չէ:
ԻՐԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎՏԱՐԵԼ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Իրաքի կառավարությունը որոշում է կայացրել վտարել Բաղդադում Շվեդիայի դեսպանին և հետ կանչել Ստեկհոլմում Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին, հայտարարել է վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանին: Որոշումն ընդունվել է որպես պատասխան Շվեդիայի կառավարության կողմից Ղուրանն այրելու, իսլամական սրբավայրերի դեմ վիրավորանքներ հնչեցնելու և Իրաքի ազգային դրոշն այրելու թույլտվությանը։
Ի նշան բողոքի՝ այսօր վաղ առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Բաղդադի կենտրոնում գտնվող Շվեդիայի դեսպանատուն: