Բոլոր այն դիմորդները, որոնք ունեն երկու դրական գնահատական, բայց բուհ չեն ընդունվել՝ միավորը բավարար չլինելու պատճառով, կարող են մինչև հուլիսի 26-ը հայտագրվել թափուր մնացած տեղերի մրցույթին մասնակցելու համար:
Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ) - Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր մրցույթին չեն մասնակցել, սակայն ունեն դրական գնահատականներ, ովքեր նշել էին միայն քննություններ, սակայն բուհ չէին նշել:
Բարձրագույն ուսումնական հաստատություններն ունեցել են 13 314 դիմորդ: Միասնական ու ներբուհական քննությունների արդյունքում ընդունվել է 9 147-ը: Թափուր է մնացել թե՛ վճարովի, և թե՛ անվճար ավելի քան 4 հազար տեղ: Դրական միավորներով մրցույթը չանցած դիմորդները, որոնք իրավունք ունեն հայտագրվել լրացուցիչ փուլում, 1 626-ն են:
Եթե մրցույթի հիմնական փուլի ժամանակ գործել է հայտագրման մեկ բուհ-մեկ մասնագիտություն սկզբունքը, հիմա հայտ կարելի է ներկայացնել մինչև վեց բուհի ու վեց մասնագիտության համար:
Այս տարի առաջին անգամ դիմորդը հնարավորություն ուներ նույն առարկայից քննություն հանձնել կրկնակի՝ հունվարին ու հունիսին, որ գործընթացն էլ նրա համար պակաս սթրեսային լինի: ԳԹԿ փոխտնօրենն ասում է՝ նորամուծություն արդյունավետ էր:
Կարո Նասիբյան - Առաջին անգամ մենք արդեն ստացել ենք թվերը, և թվերը խոսում են այս համակարգի օգտին:
Ավանդաբար պահանջված մասնագիտությունների օրինակով պարզ է դարձել՝ այս տարի անցողիկ միավորի շեմը հիմնականում բարձրացել է: Օրինակ` ԵՊՀ միջազգային հարաբերությունների դեպքում 25.5 է, անցյալ տարի եղել է 17.25: «Հանրային կառավարում» մասնագիտության անցողիկ միավորը 32.5 է, եղել է 29, «Իրավագիտության»-ը՝ 37 է, եղել է 36.25: Կարո Նասիբյանը նկատում է՝ հունվարի քննության արդյունքներից դժգոհ դիմորդները հնարավորություն են ունեցել աշխատել իրենց բացթողումների վրա և հունիսին առավել լավ գնահատական ունենալ:
Տևական ընդմիջումից հետո այս տարի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղեր էլ կային պետության համար կարևոր և առաջնահերթ բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների համար: Բակալավրում այդ տեղերը 134-ն էին:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Այդ մասնագիտությունները 10-ն են, որում միայն մեկ մասնագիտությամբ ունենք մեկ թափուր տեղ: Դա քիմիա մասնագիտությունն է: Մնացած բոլոր մասնագիտութունները՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, երկակի նշանակության ֆիզիկա, ատոմային էներգետիա, թռչող ապարատներ, ավիացիոն սարքավորումներ, բոլոր անվճար տեղերը համալրվել են: Շատ քիչ թափուր տեղեր ունենք նաև այդ մասնագիտության վճարովի ուղղությամբ:
Թեպետ տեղերը տարկետման իրավունքով են, սեռային սահմանափակում չի եղել, ու ընդունվածների մեջ նաև աղջիկներ կան: Արտոնությունը կշարունակվի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
Լուսինե Գրիգորյան - Ուսումն ավարտելուց և գիտական աստիճան ստանալուց հետո իրենք պարտավորվում են առնվազն 3 տարի աշխատել նախանշված աշխատավայրում՝ ըստ մասնագիտության:
Բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել նաև կրթաթոշակները բարձրացնելու նախագիծ, որը վերաբերում է տվյալ ուղղություններով պետության համար կարևոր մանկավարժության և ագրարային ոլորտի մասնագիտություններին:
Լուսինե Գրիգորյան - Նախատեսում ենք կրթաթոշակի էական բարձրացում, նախկին 5-6 հազար դրամի փոխարեն նախատեսվում է /դեռևս նախագծով/ 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Զուգահեռ քայլեր են տարվում աշխատաշուկայում այդ մասնագիտությունների դերի, գրավչության բարձրացման ուղղությամբ՝ վարձատրության մեխանիզմների միջոցով:
Նախագիծն առաջիկա օրերին կներկայացվի վարչապետի աշխատակազմ:
Հեղինակ` Աննա Զախարյան