Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած եռակողմ հանդիպման առանցքում է եղել Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29800 և 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 20-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը:
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին՝ հումանիտար խնդիրների մասով տված իր խոստումները, «բայց մենք անհոգնել պետք է շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»: