Մեր բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է. Փաշինյան
Բուհական ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվել են: Հուլիսի 19-ից մեկնարկել է թափուր տեղերի համար առաջին փուլի մրցույթից դուրս մնացած դիմորդների ընդունելության երկրորդ փուլը: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 20-ի նիստին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի մեր դիմորդների թիվը 13.314 էր, որը համադրելի է նախորդ 2 տարիների թվի հետ: Ընդունվածների ընդհանուր թիվը 9147 է, և դա էլի մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ:
Անվճար տեղերի թիվը եղել է 2128, այդ տեղերից սպառվել է կամ ընդունվել են 1782-ը, որը 83,7 տոկոսն է, և սա էլ համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների հետ:
Վճարովի տեղերը հատկացված են եղել 15 984-ի չափով, ընդունելությունը իրականացված է 7242-ի չափով: Սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, և դա նորություն չէ, 45,3 տոկոսն է: Ընդ որում՝ պետք է շեշտեմ, որ սրա մեջ մտնում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշները:
Օրինակ, ոչ պետական բուհերի պարագայում 3700-ից ավելի տեղ է հատկացված եղել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 տոկոս է, այսինքն՝ իրականում գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում, և դա նույնպես իր ազդեցությունն է ունենում այս ցածր ցուցանիշի վրա: Բայց սա նաև ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք, թե ինչպես ենք մենք այս մասնագիտությունները և տեղերը պլանավորում»,- ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ մի քանի բուհի մասով կան նաև ցուցանիշներ, որոնք հատկապես մտահոգիչ են, և որ շարունակում է շատ ցածր ու մտահոգիչ մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը:
«Ագրարային համալսարանում հատկացված ցուցանիշով ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում հիմնական փուլով: Ես այստեղ, իրոք, մեծ աշխատանք կա անելու, որին ուղղված է մեր բարեփոխումների պրոցեսը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պետք է արձանագրենք, որ մեր բուհական համակարգը խոր ճգնաժամի մեջ է, խոր, համակարգային, բովանդակային ճգնաժամի մեջ է, և Կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել:
Հիմա լավ լուրն այն է, որ Կառավարությունն ունի ծրագիր՝ ինչպես հաղթահարել ճգնաժամը:
Հաջորդ լավ լուրն այն է, որ այդ ծրագիրը սկսվում է իրագործվել. խոսքը Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»,- ասաց նա:
Անդրադառնալով Ագրարային համալսարանում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանը ասաց, որ այդ մասով, օրինակ, նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքում՝ բուհին կից, կլինեն մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, ֆերմերային տնտեսություն, որպեսզի ուսանողը լսարանից դուրս գալու և այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու, կիրառածի արդյունքներն ամփոփելու և լսարան վերադառնալու հնարավորություն ունենա: