Երևանի 33-րդ կամ առավել հայտնի «Ֆիրդուսի» թաղամասի մի խումբ բնակիչներ պնդում են՝ իրենց սեփականությունը գնահատելիս թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ: Հետևանքն էլ՝ իրականության հետ կապ չունեցող գնային առաջարկ, իրավունքի խախտումներ: Բնակիչների բողոքը քննարկելու համար ՀՀ գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովը Կադաստրի կոմիտեում նիստ էր հրավիրել: Գնահատող կազմակերպությունը՝ «Վի ԷՄ ԱՐ Փի»-ն, նույնպես հրավիրվել էր, որ գա, հիմնավորի իր գործողությունները:
Հմայակ Հակոբյան (ՀՀ գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովի նախագահ) - Սերոբ Ոսկանյանից ստացել ենք գրություն, որ չի կարող ներկայանալ նիստին և խնդրում է նիստը առանց իրեն անցկացնել, ներկայացրել է մեր բարձրացրած հարցերի պատասխանները, հիմնավորումները, փաստաթղթեր:
Ընդունելի են դրանք թե ոչ, դեռ պետք է քննարկվի: Վերջնական եզրակացության համար հանձնաժողովն ունի առավելագույնը 7 օր:
Վազգեն Փխրիկյան (Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի բնակիչ) - Էդ մարդը ոչ եկավ մեր տարածքը տեսավ, էս նիստը, էս ամեն ինչը կազմակերպեցինք, դուք էլ անցած անգամ ասեցիք՝ լիքը հարցեր կան, կգա, էդ հարցը մենք էլ ենք տալու: Հիմա մենք դրա համար ենք եկել, ինքը չկա, ուր է:
Մթնոլորտն աստիճանաբար շիկացավ: Հանձնաժողովը հեռացավ՝ աշխատանքը դռնփակ շարունակելու: Նիստին ներկա բնակիչները, որոնք նաև ներկայացնում էին մյուս դժգոհ սեփականատերերին, հանձնաժողովին մեղադրեցին կողմնակալության համար: Սեփականատերերից Ռուբեն Աթոյանն ասաց՝ գնահատման ընթացքում խախտումները 100-ից ավելի են:
Ռուբեն Աթոյան (Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի բնակիչ) - Ամենահիմնականն այն է, որ ինքը տեղազննություն չի արել: Գնահատումը արվել է 2023-ի մարտի 20-ի դրությամբ, բայց 10 տարուց ավելի մարդ չի եկել, տեղազննություն չի արել: Ինքը հղում է կատարում, որ դա արել է պատվիրատուն: Պատվիրատուն էդպիսի իրավասություն չունի, էդ գործառույթը ԾԻԳ-ի վրա ա դրած՝ որպես չեզոք մարմին:
Կարեն Զաքարյան (Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի բնակիչ) - Ինչ ա առաջացել, երեք անգամ քիչ գնահատում, գին: Այսինքն՝ պատվիրած թիվ են ունեցել, մոտավոր միջին մի 1700-ի կարգի գին պետք ա ստանան, ստացել են տենց թիվ, ոչ թե իրական, ռեալ թիվը, ռեալ գինը:
Ռոբերտ Բաղեյան (Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի բնակիչ) - Խնդրո առարկան գինն ա... բաց երբ տեսնում ես` քեզ խաբում են, բոլոր օրենքները խախտում են` թե դատավոր, թե կադաստր, թե ԾԻԳ, մեզ էլ փողը չի հետաքրքրում, մեզ առաջնահերթ հետաքրքրում է` սրանք բոլորը պատասխանատվության ենթարկվեն:
Նիստին ներկայացած բնակիչներն ասում էին՝ խնդիրն առնչվում է 110 սեփականության: Մասնագիտական հանձնաժողովի նախագահը նշում է՝ իրենք 24 դիմում ունեն: Եվս 1-ը քննարկել են ավելի վաղ ու հայտնաբերել արժեքի 7 տոկոս խախտում:
Այն, որ գնահատողը չի եկել, Հակոբյանի խոսքով, իր իրավունքն է, կարող էր պարզաբանում էլ չուղարկել, ու հանձնաժողովը ստիպված լիներ ուսումնասիրություններ ու եզրակացություններ անել առանց դրա: Իսկ նիստի ժամանակ այդ պարզաբանումները բնակիչներին ներկայացնելու կարիք չի տեսել, որովհետև, միևնույն է, առաջացող հարցերին պատասխանողը չէր լինելու:
Հմայակ Հակոբյան - Իրենք իրավունք ունեն վարույթն ավարտվելուց հետո ամբողջ փաթեթը, ներառյալ նաև գնահատողի կողմից ներկայացրածը, վերցնեն ու ուսումնասիրեն:
Ֆիրդուսի թաղամասի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ տարիներ առաջ: Նախատեսվել է տարածքում իրականացնել քաղաքաշինական ծրագիր, որ Երևանի կենտրոնից վերանան խառը, անկանոն, հին ու խարխուլ շինությունները: Մոտ 400 սեփականությունից մի մասի դեպքում կառուցապատող ընկերությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն ու փոխհատուցում է տրվել, մի մասում բնակիչները դեռ շարունակում են ապրել ու պայքարել՝ համարելով, որ իրենց իրավունքները խախտվում են:
Հեղինակ` Աննա Զախարյան