Սևանա լճում արդեն մի քանի օր է՝ շարունակվում է ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունը. մասնակցում են նաև Չեխիայի Գիտությունների ակադեմիայի մասնագետները: Նպատակն է ավելի ճշգրիտ իմանալ ձկան պաշարի քանակը՝ էկոհամակարգը պահպանելու, արդյունագործական որսի չափը որոշելու և հստակ ռազմավարություն սահմանելու համար: Ուսումնասիրությունն իրականացվում է երկու կազմով: Այս խումբը, օրինակ՝ գիտական որսով է զբաղվում՝ հաշվառում, չափագրում, ձկան երկարությունն ու քաշն է արձանագրում:
Մարի Պրչալովա (Չեխիայի ԳԱ կենսաբանության կենտրոնի հիդրոկենսաբանության ինստիտուտի գիտաշխատող) - Հատուկ ցանց ենք օգտագործում և տարբեր չափի ձկներ բռնում: Այնուհետև կհաշվենք ձկան պաշարն ու նաև որակը:
Նորայր Աբրահամյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության գլխավոր մասնագետ) - Ցանցեր, որը 45 մետրից մինչև 3 մետր լայնություն, ու ամեն մի ցանցը ունի 12 տարբեր խորշեր, չափսեր, ու ցանցերը դրվում են ներքևից մինչև վերև՝ բոլոր խորությունների վրա, որ կարողանանք հստակ չափատարիքային կազմը, ձկների տեսակը պատկերացնենք:
Մյուս խումբն էլ հիդրոակուստիկ մեթոդն է կիրառում, որով հնարավոր է հաշվարկել ձկան կենսազանգվածը:
Յան Կուբեչկա (Չեխիայի ԳԱ կենսաբանության կենտրոնի հիդրոկենսաբանության ինստիտուտի գիտաշխատող) - Քիչ տեղեկություն կա լճում ձկնատեսակի քանակի վերաբերյալ: Տարբեր կարծիքներ կան, թե որքան ձուկ կա այս լճում, մեր խնդիրն է՝ առավել ճշգրիտ տվյալներ ներկայացնելը:
Տիգրան Վարդանյան (ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող) - Արդյունագործական պաշարի գնահատումն ա իրականացվում կոնկրետ սիգի, սակայն զուգահեռ իրականացվում է նաև մյուս արժեքավոր ձկնատեսակների, պաշարների որոշակի թվաքանակի կանխատեսում, որը նույնպես կտա մեզ տեղեկատվություն, օրինակի համար, Սևանի իշխանի պաշարների վերականգնման, արդյունավետության մասով, թե որքան է մեր էնդեմիկ արժեքավոր Սևանի իշխանի պաշարը լճում, ինչ քայլեր են պետք իրականացնել ավելացնելու համար այդ պաշարը:
Չեխ մասնագետների հետ Սևանում ուսումնասիրությունն իրականացվելու է տասը օր: Երկու խումբն էլ շրջելու է լճի ամբողջ տարածքով:
Նորայր Աբրահամյան - Իրանք արդեն, ըստ պայմանագրի, նախնական կտան մեզ ելակետային տվյալները սեպտեմբերին, հետո արդեն սա բարդ պրոցես է, պետք է մշակել այդ տվյալները:
Իսկ արդեն մշակած տվյալները չեխ մասնագետները դեկտեմբերին կներկայացնեն, մինչև հաջորդ տարվա փետրվարն էլ՝ դրանց համապատասխան առաջարկությունները:
Ձկնապաշարի վերաբերյալ տվյալները Շրջակա միջավայրի նախարարությունը տարեվերջին է ներկայացնում: Լճում 2022-ին սիգի ընդհանուր պաշարը եղել է 4700 տոննա, իշխանինը՝ ավելի քան 4,5 տոննա։ Կողակ, բեղաձուկ ձկնատեսակների քանակը լճում աննշան է, և պաշարը ճշգրիտ գնահատել հնարավոր չի եղել, սակայն նախորդ տարվա համեմատ գրեթե 10%-ով ցուցանիշը նվազել է։ Նախորդ տարվա տվյալով՝ Սևանում մոտ 20 տոննա արծաթափայլ կարաս կա, պաշարը նվազել է։ Լճում խեցգետնի քանակն էլ, վերջին տվյալով, եղել է 69 տոննա՝ 9 տոննայով պակաս 2021-ի տվյալից, հիվանդ կենդանիների մասնաբաժինը 7% է կազմել։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան