ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ ՈՒՂԵՎՈՐՎՈՂ ՆԱՎԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ
Հացահատիկի գործարքից դուրս գալու՝ Մոսկվայի որոշման ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, զգուշացրել՝ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։
«Իսկ այն երկրները, որոնց դրոշի ներքո կնավարկեն այդ նավերը, կհամարվեն Կիևի ռեժիմի կողմից ուկրաինական հակամարտությունում ներգրավված պետություններ», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ Սև ծովի հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան որոշ հատվածներ հայտարարվում են նավարկության համար վտանգավոր։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, մեկնաբանելով ուկրաինական կողմի առաջարկը՝ շարունակելու գործարքը Կիև-Անկարա-ՄԱԿ ձևաչափով՝ առանց Մոսկվայի, հայտարարել էր՝ առանց Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հացահատիկի գործարքը շարունակելու փորձերը ռիսկային են:
ՊՈՒՏԻՆԸ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄԵԿՆԻ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Հարավաֆրիկյան Հանրապետություն չի մեկնի։ Որոշման պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Յոհանեսբուրգում օգոստոսի 22-ից 24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին Կրեմլի ղեկավարը կմասնակցի տեսակապով, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Հարավային Աֆրիկայի, Բրազիլիայի, Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարները։
Հատկանշական է, որ Հարավաֆրիկյան հանրապետությունում նախատեսված գագաթնաժողովին ընդառաջ սկսեցին հնչել հայտարարություններ, որ Յոհանեսբուրգում Վլադիմիր Պուտինին ձերբակալություն է սպառնում: Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպանին ձերբակալելու օրդեր է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի տարհանման մեղադրանքով։
Իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Հռոմի ստատուտը ստորագրած երկրների շարքում է և, ըստ կանոնադրության, պարտավոր է հետևել Միջազգային քրեական դատարանի որոշումներին։
ՕԴԵՍԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Գիշերը Օդեսան ենթարկվել է 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ամենազանգվածային հրթիռակոծությանը, հայտնում է ուկրաինական կողմը: Նշվում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Սև ծովից Ռուսաստանի արձակած հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ մասը:
Վնասվել են Օդեսայի նավահանգստի տարածքը, հացահատիկի և նավթի տերմինալը, ծխախոտի և պայթուցիկների պահեստներ, զբոսաշրջային բազաներ, հյուրանոցներ, բազմաբնակարան շենքեր, բուժօգնություն ստանալու համար դիմել է 10-ից ավելի մարդ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքին, ինչպես նաև ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքի պահեստարանները՝ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները:
ԻՐԱՆԻ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆ
Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին այցելել է Փոլդաշթի շրջան՝ Իրանի ու Նախիջևանի սահման, ստուգել սահմանապահների պատրաստվածության աստիճանը: Նա հայտարարել է. «Բարեբախտաբար, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները զարգանում են, սահմանային ու անվտանգային հարցերում ոչ մի խնդիր չունենք»:
Պաշտոնյան նաև զգուշացրել է՝ Իրանի սահմանների դեմ ցանկացած ագրեսիա անպատասխան չի մնա: Բաղերիի խոսքով՝ երկրի Զինված ուժերը և ժողովուրդը կոչնչացնեն ցանկացած ագրեսորի:
ԹՈՒՐՔԻԱՆ 2024-ԻՆ ԵՄ ԱՆԴԱՄ ՉԻ ԴԱՌՆԱ. ՍՏԱՆՈ
Թուրքիան 2024 թվականին ԵՄ անդամ չի դառնա, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու համար տարիներ են պահանջվում և ոչ` ժամեր։ Նա հավելել է՝ ԵՄ-ն դեռ պատրաստ չէ նաև Թուրքիայի համար չեղարկել վիզային ռեժիմը:
«Վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կայացնում են Միության անդամ պետություններն` այն բանից հետո, երբ երկիրը բավարարում է կառույցին անդամակցության բոլոր պայմանները, այդ թվում՝ մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում», - նշել է պաշտոնյան։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, եթե չխոչընդոտվի Թուրքիայի մուտքը Եվրամիություն : Երկրի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազն էլ նշել է, որ Անկարան առաջիկայում մտադիր է կենտրոնանալ եվրոպական Մաքսային միության և վիզայի ռեժիմի ազատականացման հետ կապված հարցերի վրա։
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ. ՕԶԱՍԵՔ
Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ստամբուլը նախապատրաստել հնարավոր երկրաշարժի, հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը: Մեհմեդ Օզասեքի խոսքով՝ սեյսմոլոգները զգուշացնում են, որ ամիսներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ֆոնին հնարավոր է, որ Ստամբուլում ևս ավերիչ ցնցումներ գրանցվեն:
«Հանդիպել ենք քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Ստամբուլի թաղամասերի ղեկավարների հետ, որոշել ենք հաջորդ շաբաթվանից սկսել համապատասխան աշխատանքները»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ մեգապոլիսը սեյսմիկ վտանգի տեսանկյունից «աշխարհի ամենառիսկային քաղաքների տասնյակում է»։