Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել տրանսպորտի նախարարության, Դաշնային մաքսային ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցներին՝ Վրաստանի հետ սահմանին «Վերին Լարս» անցակետի թողունակությունը մեծացնելու համար։
Միշուստինը հիշեցրել է, որ այդ մասին իրենց դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սոչիում մենք նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք անշեղորեն կատարվել են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մասնագետներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել «Վերին Լարսի» թողունակության հետ կապված խնդիրները լուծելու հարցում»,- հավելել Է ՌԴ վարչապետը։
Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովն իր հերթին խոսել է այն մասին, թե ինչպես են ընթանում համատեղ աշխատանքները Վերին Լարսում։ «Հայ գործընկերները մեզ նույնպես օգնում են համակարգելու աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները հանձնենք միմյանց հսկողությանը»,- ասել է Դավիդովը։
Միշուստինը բարձր է գնահատել համագործակցությունը և հավելել. «Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են, երբ նման մեխանիզմները չեն գործում, հերթեր են կանգնում, ձեռնարկատերերը գումարներ են կորցնում»:
Ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներն ընթանում են ցամաքային ճանապարհով՝ «Վերին Լարս» սահմանային անցակետով: Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ այդ անցակետով երթևեկության գոտիների քանակը 11-ից հասել է 39-ի, իսկ բեռնատարների առավելագույն հոսքը 300-ից հասել է օրական 1400 մեքենայի: