Երևանում արդիականացվում և ընդլայնվում է ոռոգման ցանցը: 41.3 կմ-ից 25 կիլոմետրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, իսկ 16.3 կմ-ը՝ մայր ջրագծերի անցկացումը պատվիրել է շինարարական կազմակերպություններին՝ տրամագծով ավելի մեծ խողովակաշարեր անցկացնելու համար, քանի որ դրանք քանդման բարդ աշխատանքներ են պահանջում: Ընդհանուր մոտ 24 կմ-ն արդեն պատրաստ է:
Արմեն Բեգոյան (Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Սա շարունակական պրոցես է, որովհետև Երևանի ոռոգման համակարգը գտնվում է աղետալի վիճակում, բառիս բուն իմաստով, աղետալի վիճակում, փտած, հին, 60-70 թվականներին անցկացված խողովակաշարերը այժմ մեր կողմից հետզհետե փոխարինվում են պոլիէթիլենային խողովակաշարերով, որոնց թե՛ գործածության ժամկետն է ավելի երկար, թե՛ դրանց անցկացումն է ավելի հեշտ, և, եթե կարելի է ասել, ֆինանսապես ավելի ձեռնտու, էժան, քան երկաթյա խողովակները:
Ոռոգման նոր համակարգ է անցկացվում բոլոր վարչական շրջաններում՝ զբոսայգիներում, փողոցների հարակից հատվածներում: Գործող ջրագծերի մեծ մասը վթարված է, ջուրը տեղ չի հասնում:
Արմեն Բեգոյան - Նախկին, եթե կարելի է ասել, 30 տարիների ընթացքում կատարվել են հիմնականում միայն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, այսինքն՝ պայթել է ոռոգման համակարգը, ջուրը դուրս է եկել գետնի տակից, ստիպված են եղել այդ մասում քանդել, ինչ-որ ձևով էսպես վերանորոգման աշխատանքներ կատարել, բայց հիմնական աշխատանքներ կատարվում են վերջին 2 տարվա ընթացքում, մասնավորապես մայր ջրագծերի և արդեն անձրևացնող էդ համակարգերի անցկացման աշխատանքները:
Պաշտոնյայի խոսքով՝ մայրաքաղաքում նախատեսվում է անտառապատ տարածքների ավելացում` հաշվի առնելով ոռոգման ջրի առկայությունը հատվածում: Ոգոռման ցանցի ընդլայնումը հնարավորություն կտա նաև վերականգնել նախկին կանաչապատ տարածքները:
Արմեն Բեգոյան - 90-ականներին՝ հայտնի տնտեսական ճգնաժամի էդ տարիներին, Երևանում ահռելի քանակությամբ անտառներ վերացվեցին ուղղակի, և մեր հիմնական խնդիրներից մեկն է վերականգնել այդ անտառները: Ես կուզենամ ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք շուրջ 35 հեկտար անտառ ենք վերականգնել:
Այժմ Երզնկյան փողոցի ջրագիծն են փոխարինում նորով. մոտ 200 մետր պոլիէթիլենային խողովակ են անցկացնելու:
Հովսեփ Հովսեփյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Արաբկիր վարչական շրջանի ստորաբաժանման ղեկավար) - Ստեղ ունեցել ենք շատ լուրջ վթար, էդ վթարի հետ կապված միանգամից ամբողջ խողովակը փոխարինելու ենք: Էս խողովակը հին խողովակն է, որը պատյան է ծառայելու նոր խողովակին, այսինքն՝ նոր խողովակն անցկացվելու ա երկաթե խողովակի միջով, էդ պոլիէթիլենային խողովակը, որպեսզի հա՛մ իր կյանքը երկարի, հա՛մ էլ մեքենաների հոսքը էստեղ շատ ա, ու կայանում են մեքենաները, առավել ևս ծանր մեքենաներ անցնելուց խողովակները վնասվում են, իսկ տվյալ պատյանով ոչ մի վնաս չի հասցվի նոր խողովակին, և կծառայի ավելի երկար, քան մետաղախողովակը:
Հաջորդ տարվա համար ցանցի ընդլայնման ծրագիրը կհաստատվի աշնանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան