«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի ընդունումից 2 տարի անց որքանո՞վ է այն կիրարկվում, ու ինչ պետք է անել, որ օրենքը լիարժեք գործի: Այս հարցերը քննարկելու համար Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան համաժողով էր հրավիրել:
Գայանե Գրիգորյան («Ագաթ» ՀԿ ներկայացուցիչ) - Մենք փորձում ենք մեր գործադիր և օրենսդիր մարմինների և մեր գործընկերների հետ հասկանալ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են եղել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում օրենքի ընդունումից հետո՝ 2021 թվականից ի վեր, և ինչ մարտահրավերների ենք մենք այժմ բախվում և ինչպես պետք է միավորենք մեր ուժերն ու ջանքերը:
Գայանե Գրիգորյանը իրազեկվածության պակասն է շեշտադրում: Այդ խնդիրը լուծելու համար կոալիցիան Երևանում և մարզերում կազմակերպել է ավելի քան 70 աշխատաժողով՝ հաշմանդամություն ունեցող մոտ 1000 անձանց, նրանց ընտանիքների անդամների ու ոլորտում գործող մասնագետների համար:
Գայանե Գրիգորյան - Օրենքի ընդունումը իր հետևից բերեց բազմաթիվ դրական փոփոխություններ, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատումը, անձնական օգնականի ծառայության ներդրումը, անկախ կյանքի կենտրոնների ստեղծումը:
Սուրեն Ավդալյան («Հեշտ կյանք» ԲՀԿ նախագահ) - Չնայած 2006 թվականից ունենք մատչելիությանը վերաբերող քաղաքաշինական պահանջ, բայց այնուամենայնիվ էս օրենքի ընդունումից հետո է միայն, որ կոնկրետ ուշադրություն է դարձվում նոր կառուցվող և հիմնովին վերանորոգվող շենքերի մատչելիության ստանդարտների պահպանմանը:
Հաշմանդամություն ունեցող Սուրեն Ավդալյանն Գյումրիում ապրելու իր օրինակով է ասում՝ այդ չափորոշիչները փորձում են պահպանել, իհարկե՝ ոչ ամբողջությամբ:
Սուրեն Ավդալյան - Ես չգիտեմ նման դեպքեր, որ տուգանքներ հետևեն, որովհետև մեզ մոտ դեռ լիարժեք պատկերացումը դրա, թե ինչ պիտի լինի վերջում, ինչ պիտի մենք ստանանք վերջում, հստակ չէ: Դեռ բանավեճեր նույնիսկ կարող են առաջանալ՝ արդյոք շենքը մատչելի՞ է, թե՞ ոչ: Իրականում մատչելիության պահանջները, համընդհանուր դիզայնի պահանջները շատ հստակ են՝ ցանկացած բան պիտի հարմար լինի օգտագործել բոլորին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հիշեցնում է՝ Հայաստանը դեռևս 2010-ին էր վավերացրել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և պարտավորվել ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային նորմերին ու սկզբունքներին: Բարեփոխումների հիմնաքարը դրվել է երկու օրենքով, որոնցից բխող էլ շուրջ 35 ենթաօրենսդրական ակտ է ստեղծվել:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Այլևս միայն բժիշկներից բաղկացած խմբերը չէ, որ պիտի սահմանեն մարդու հաշմանդամությունը կամ չսահմանեն, այլ նաև մարդու կենսագործունեությունն ու մասնակցություը և նրա ակտիվությունը ու կարողություններն ու կատարողականությունը գնահատող մասնագետները, ինչպիսին, օրինակ՝ հոգեբանները, էրգոթերապիստներն են, լոգոպեդները և բազմաթիվ հարբժշկական մասնագիտացում ունեցող մարդիկ մասնակցում են գործընթացին:
Գործընթացը թվայնացվել է, ու որքան էլ դրա նպատակը շահառուների գործը հեշտացնելն է, հաճախ նորամուծությունն ինքն է բարդություններ առաջացնում:
Տաթևիկ Ստեփանյան - Որովետև իրենք սովոր են, որ պիտի գնան ԱԱՊ օղակ, բազմաթիվ շերտերով թղթեր տան՝ տարբեր չափերի, տարբեր գույների, և հիմա, երբ մենք քաղաքացուն ասում ենք՝ քո ուղեգիրը «Արմեդ» համակարգով տեսանելի է, և դու որևէ թուղթ չես կարող վերցնել և տեղափոխել, ընդամենը պետք է առցանց լրացնես, որովհետև պրոցեսը սկսվում է ինքնագնահատման հարցաշարից, բնականաբար, մարդկանց կարողությունները շատ տարբեր են, բայց հենց դրա համար էլ Միասնական սոցիալական ծառայությունում՝ մեր «ֆրոնտ դեսկ»-ում կա աջակցող ծառայություն:
Քաղաքացիների շրջանում հարցումներ են արվել՝ ինչ խնդիրներ են տեսնում: Կրկնակի հարցման արդյունքները բավական հուսադրող են: Բայց նաև շտկումների կարիք կա, որոնք կարվեն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան