ԼՂ-Ն ԿԱՆԳՆԱԾ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԵԶՐԻՆ. ՄԻՐԶՈՅԱՆ
Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հնարավոր է միայն, եթե միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը: Ավստրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավելի շարունակվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղը մարդասիրական աղետի եզրին է։ Դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի խախտմամբ և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որը, ի դեպ, Դատարանը վերահաստատել է հուլիսի 6-ի իր որոշմամբ:
ՀՀ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՄԱԿ ԱԽ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` Միրզոյանն ընդգծել է՝ բանակցություններում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովումը։ Արտգործնախարարը շեշտել է՝ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման։
Արարատ Միրզոյան - Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը հավասարության և փոխադարձության սկզբունքներով պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության ու իրավազորության վրա։ Իհարկե, այդ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես` Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։ Այդ, նաև որպես առաջնային հրատապություն ունեցող՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցերում, Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը:
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը՝ Վիեննան որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն ունեցել քննարկել կարգավորման հարցերը: Միրզոյանը հույս է հայտնել, որ գործընթացը շարունակական կլինի: Հարցին՝ այս պահին բանակցությունները նախատեսվա՞ծ են, Միրզոյանը պատասխանել է՝ այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա:
Արարատ Միրզոյան - Մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ կան շատ քայլեր, որոնք արդեն կարող են իրականացվել երկու կողմից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրի միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կա մի քանի այլ նախագիծ, որ ևս քննարկվում են:
ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆՔ ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել նաև տարբեր միջազգային հարթակներում գործակցությանը, քննարկել Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արարատ Միրզոյան - Անդրադարձել ենք նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը ԵՄ շարունակական աջակցության նշանակությանը։ Հատուկ կարևորություն ենք տվել այս տարվա փետրվարից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը, որն իր կարևոր նպաստն է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում։ Երախտագիտություն եմ հայտնել գործընկերոջս և Ավստրիայի կառավարությանը՝ առաքելության կազմում ավստրիացի դիտորդների մասնակցության համար։ Նշեմ, որ քննարկել ենք նաև անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ գործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև այս տարվա հունվարին կայացած ՀՀ-ԵՄ անվտանգային ու քաղաքական հարցերով երկխոսության անդրանիկ նիստը։
ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՎԱՅՐ ԴԱՌՆԱԼ. ՄԻՐԶՈՅԱՆ
Լրագրողների հարցին ի պատասխան` Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Financial times-ի հրապարակմանը, որ Հայաստանից օգտագործած մեքենաներ են վերաարտահանվում Ռուսաստան: Միրզոյանը շեշտել է՝ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման վայր դառնալ։
Արարատ Միրզոյան - Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է` խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, կան ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում:
Հանդիպման ընթացքում նախարարները նաև ստորագրել են Հայաստան-ԵՄ հետընդունման համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան