ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է հուլիսի 10-ին Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախարարական հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությանը, որում, ըստ իրանական կողմի, Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանը հակասող վիճահարույց հայտարարություններ են արվել: Խոսքը Պարսից ծոցի 3 կղզու մասին է, որոնց պատկանելությունը վիճարկում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Իրանը։ Թեհրանը Ռուսաստանի դեսպանին բողոք էր հայտնել, վերջինս էլ հավատացրել էր, որ Մոսկվան հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է՝ Թեհրանը բավարար չի համարում ռուսական կողմի բացատրությունը, միաժամանակ հույս ունի, որ նման միջադեպեր այլևս չեն կրկնվի: «Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ուկրաինայի: Բոլորը պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքով»,- շեշտել է իրանցի դիվանագետը, եզրափակել՝ պատերազմները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսության միջոցով:
Իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հետաքրքրության մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, անդրադարձել Իրանի ԱԳ նախարարի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, 3+3 տարածաշրջանային ձևաչափին, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպման կազմակերպմանը:
Աբդոլլահիանը ընդգծել է՝ Իրանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա լինել չի կարող: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են, որ հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
ԹՈՒՐՔԻԱՆ 2024-ԻՆ ԵՄ ԱՆԴԱՄ ՉԻ ԴԱՌՆԱ. ՍՏԱՆՈ
Թուրքիան 2024 թվականին ԵՄ անդամ չի դառնա՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու համար տարիներ են պահանջվում և ոչ ժամեր։ Նա հավելել է՝ ԵՄ-ն դեռ պատրաստ չէ նաև Թուրքիայի համար չեղարկել վիզային ռեժիմը:
«Վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կայացնում են Միության անդամ պետություններն այն բանից հետո, երբ երկիրը բավարարում է կառույցին անդամակցության բոլոր պայմանները, այդ թվում՝ մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում»,- նշել է պաշտոնյան։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, եթե չխոչընդոտվի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Երկրի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազն էլ նշել է, որ Անկարան առաջիկայում մտադիր է կենտրոնանալ եվրոպական Մաքսային միության և վիզայի ռեժիմի ազատականացման հետ կապված հարցերի վրա։
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռուսական կողմը հիմնական ուժերը կենտրոնացրել է Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում, ծանր մարտերը շարունակվում են։ Վերջին մեկ օրվա ընթացքում մարտի դաշտում շուրջ 20 ռազմական բախում է գրանցվել՝ հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Ըստ հաղորդագրության՝ Կուպյանսկի հատվածում ուկրաինացի զինվորները պահում են գիծը, իսկ Բախմուտի և Մարյինկայի ուղղությամբ հետ են մղում ռուսական ուժերի հարձակումները, միաժամանակ՝ առաջ շարժվում: Գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական բանակը Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ փորձում է կանխել ուկրաինական զորքերի առաջխաղացումը։
Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ այս գիշեր Ռուսաստանը հերթական հրթիռային հարվածներն է հասցրել Ուկրաինայի տարածքին, պայթյուններ են լսվել Խերսոնում, Օդեսայում և Կիևում, հրթիռների և անօդաչու սարքերի մեծ մասը հաջողվել է խոցել: Գլխավոր շտաբը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: Հայտնի է ավերածությունների և տուժածների մասին: