ՕԴԵՍԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Գիշերը Օդեսան ենթարկվել է 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ամենազանգվածային հրթիռակոծությանը՝ հայտնում է ուկրաինական կողմը: Նշվում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Սև ծովից Ռուսաստանի արձակած հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ մասը:
Վնասվել են Օդեսայի նավահանգստի տարածքը, հացահատիկի և նավթի տերմինալը, ծխախոտի և պայթուցիկների պահեստներ, զբոսաշրջային բազաներ, հյուրանոցներ, բազմաբնակարան շենքեր, բուժօգնություն ստանալու համար դիմել է 10-ից ավելի մարդ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքին, ինչպես նաև ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքի պահեստարանները՝ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները:
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՏԱՐԻ ԷՄԻՐԻ ՀԵՏ
Թուրքիայի նախագահը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Կատար։ Ռեջեփ Էրդողանին ընդունել է արաբական պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին: Կողմերը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են ստորագրել: Հանդիպումից հետո Էրդողանը Կատարի ղեկավարին թուրքական արտադրության «Թոգ» մակնիշի ավտոմեքենա է նվիրել:
Կատարն Էրդողանի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած եռօրյա շրջագայության երկրորդ կանգառն է: Երեկ Թուրքիայի նախագահը Սաուդյան Արաբիայում էներգետիկայի, ներդրումների, պաշտպանական ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր էր կնքել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանն ակնկալում է նավթ արդյունահանող արաբական երկրների հետ ավելի քան 50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր ստորագրել և հաղթահարել Թուրքիայում տնտեսական խորացող խնդիրները: Էրդողանը կայցելի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ։
ՍՏԱՄԲՈՒԼԸ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ. ՕԶԱՍԵՔ
Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ստամբուլը նախապատրաստել հնարավոր երկրաշարժի՝ հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը: Մեհմեդ Օզասեքի խոսքով՝ սեյսմոլոգները զգուշացնում են, որ ամիսներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ֆոնին հնարավոր է, որ Ստամբուլում ևս ավերիչ ցնցումներ գրանցվեն:
«Հանդիպել ենք քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Ստամբուլի թաղամասերի ղեկավարների հետ, որոշել ենք հաջորդ շաբաթվանից սկսել համապատասխան աշխատանքները»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ մեգապոլիսը սեյսմիկ վտանգի տեսանկյունից «աշխարհի ամենառիսկային քաղաքների տասնյակում է»։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ:
ԲԱՅԴԵՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ընդունել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ ղեկավարներն ընդգծել են՝ հարկավոր է կանխել միջուկային զենք ստեղծելու՝ Իրանի փորձերը, ինչպես նաև թույլ չտալ, որ Թեհրան-Մոսկվա պաշտպանական գործակցությունը խորանա: Նախագահները գոհունակություն են հայտնել, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները զարգանում են և հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:
Հերցոգը և Բայդենը նաև քննարկել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի առաջարկած դատաիրավական փոփոխությունները, որոնց պատճառով Իսրայելում արդեն տևական ժամանակ է՝ զանգվածային բողոքի ցույցեր են: Նախագահները հույս են հայտնել, որ այդ հարցում հնարավոր կլինի կոնսենսուսի գալ:
Սպիտակ տան տվյալով՝ նախագահ Բայդենը հերթական անգամ նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ: Նա ընդգծել է Հորդանան գետի Արևմտյան ափի անվտանգության ամրապնդման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Հերցոգը հույս է հայտնել, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները կշարունակեն ամրապնդել երկկողմ գործակցությունը:
Իսրայելի նախագահին ընդունել է նաև ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կիսում են նույն արժեքները: Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Իսրայելում բողոքի ցույցերի ֆոնին երկրում իրավիճակը կարգավորելու՝ Հերցոգի ջանքերը: