Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կաշառք ստանալու, խարդախության, յուրացումների, պաշտոնեական կեղծիքի բազմադրվագ գործով նախաքննությունը: Նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: 17 հատորանոց վարույթը քննել է Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը: Մեղադրանք է ներկայացվել 5 անձի:
Վահե Մարտիրոսյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Զորամասի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել 2 դրվագով առանձնապես խոշոր չափերով խարդախության, 2 դեպքով պաշտոնեական կեղծիքի, մեկ դեպքով՝ կաշառքի համար:
Պարզվել է՝ Գյումրիում տեղակայված ՊՆ զորամասի հրամանատար Մասիս Հովսեփյանը 2018-ին ֆինանսական ծառայության պետ Սարգիս Փահլևանյանի միջոցով պայմանավորվել է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցչի հետ` զորամասի գազի չօգտագործված ծավալն իրացնելու և գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու մասին: Հաշվիչի տվյալները կեղծվել են, փաստացի չծախսված գազի համար պետությունը հավելյալ վճարել է ավելի քան 12 մլն դրամ: Հափշտակված գումարից 2 մլն- ը փոխանցվել է հրամանատարին: Նույն սխեմայով հափշտակել է նաև էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարման ենթակա գումարը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀԷՑ-ի ներկայացուցչի հետ:
Վահե Մարտիրոսյան - Պայմանավորվածություն են ձեռք բերել զորամասի հրամանատարը և տեղամասի պետը, որ յուրաքանչյուր կիլովատ էլեկտրաէներգիայի դիմաց 9 դրամ տեղամասի պետը պետք է վճարի հրամանատարին: Գործող սակագներով պետությունը, ի դեմս ՊՆ-ի, կվտ-ի դիմաց վճարել է 41 դրամ: Արդյունքում, կեղծ տվյալներ ներառելու հետևանքով, 2018-20 թթ մոտ 19 մլն դրամի պետությանը պատճառվել է վնաս:
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալով՝ ֆինանսական ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո հրամանատարն ապօրինի գործողությունների կատարումը 2019-ի հունիսից հանձնարարել է կոմունալ շահագործման ծառայության պետին: 2019-2022-ին տվյալները կեղծելու հետևանքով հավելյալ վճարվել է ավելի քան 8 մլն դրամ: «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ -ի ներկայացուցչները վերականգնել են պատճառված վնասից 11 մլն դրամը: Կալանք է դրվել հրամանատարի, կոմունալ շահագործման ծառայության պետի անշարժ գույք վրա:
Վահե Մարտիրոսյան - Հրամանատարը հանձնարարել էր կոմունալին ամեն ամիս մատյանի մեջ գրել իրական ծախսված թվերի քանակությունը, տետրը հայտնաբերվեց, որտեղ փաստագրված էր, մատյանում նշել էր` որքան է ծախսել գազը, հոսանքը, համադրեցինք, տարբերությունը կազմեց հափշտակության չափը, որը մեղսագրվել է մեղադրյալներին:
Մեկ այլ դրվագով` նույն հրամանատարը ֆինանսական ծառայության հաշվապահի կնոջը զորամասի ակումբի պետ նշանակելու համար կաշառք է ստացել: Գործն արդեն դատաքննության փուլում է: Բացահայտվել են նաև Փահլևանյանի կողմից ավելի քան 8 մլն դրամի՝ հափշտակության դեպքեր: Զբաղեցնելով նշված ու նաև մեկ այլ զորամասի ֆինանսական ծառայության պետի պաշտոնը` նա 2019-2020 թթ. զորամասերի գանձապետական հաշիվներից հրամանատարների նույնականացման քարտերով տեղեկատվական համակարգ կեղծ տեղեկություն է մուտքագրել, իր անհատական հաշվին կատարել ավելի քան 8 մլն դրամի փոխանցումներ:
Վահե Մարտիրոսյան - 2019-ին ֆինանսական ծառայության պետը ամուսնացել է, ըստ օրենքի` ամուսնության կապակցությամբ ամուսիններին տրվում է միանվագ խրախուսում: Նույն զորամասում ծառայել է նաև ֆինանսական ծառայութան պետի կինը` այլ հաստիքում, նա դեռ ամուսնության պետական գրանցում չունենալով` մեկ անգամ մեկ ամսվա դրամական բավարարում է փոխանցվել, հետո օրինական եղանակով երկրորդ անգամ է ստացել:
Ֆինանսական ծառայության պետին մեղադրանք է ներկայացվել կաշառքի միջնորդության, խոշոր և առանձնապես խոշոր չափի յուրացման, էլեկտրաէներգիայի և գազի հափշտակությանն օժանդակելու համար: Կոմունալ շահագործման ծառայության պետն էլ մեղադրվում է հրամանատարին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության կատարմանն օժանդակելու համար: Մեղադրանք է ներկայացվել նաև ՀԷՑ-ի, «Գազպրոմ Արմենիայի» տեղամասերի պետերին:
Առանձնապես խոշոր չափի խարդախության, պաշտոնեական կեղծիքի, կաշառքի համար մեղադրվող համանատարի պաշտպանի խոսքով՝ Մասիս Հովսեփյանը չի ընդունում մեղադրանքները, դրանք, ըստ նրա, անհիմն են:
Աննա Մանթաշյան (Մասիս Հովսեփյանի պաշտպան) - Բազմադրվագ մեղադրանքը, գործը հարուցվել է 2020-ին: Քննություն անելով` ասացին, որ կատարել է խարդախություն, երբ պաշտոնական դիրքի չարաշահումով էին սկսել, կաշառքն էլ կասկածելի է, եթե գտներ` հիմնավոր է, գործը չէր առանձնացնի, ուղարկի դատարան, վերցնողի մասով այլ դատարան ուղարկեր:
Զորամասի ֆինանսական ծառայության պետ Սարգիս Փահլևանյանի պաշտպանն էլ նշեց՝ դիրքորոշում կհայտնեն ավելի ուշ՝ գործն ամբողջութմամբ ուսումնասիրելուց հետո:
Հովհաննես Ղարաքեշիշյան (Սարգիս Փահլևանյանի պաշտպան) - Վերջին հարցաքննության ընթացքում դիրքորոշում չենք հայտնել, ոչ ընդունում է, ոչ չէ, որպես այդպիսին` դիրքորոշում չենք հայտնել, կուսումնասիրենք, կհայտնենք:
Բազմադրվագ գործով պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը մոտ 40 միլիոն դրամ է: Նախաքննության ընթացքում վերականգնվել է ավելի քան 21 մլն դրամ: