Չնայած ամառային արձակուրդներին՝ ապագա արհեստագործները շարունակում են ուսումնարան հաճախել՝ լրացնելու բաց թողած գիտելիքները։ Այստեղ նրանց վարպետության դասեր են տալիս խառատները, ավտոմեխանիկները, ոսկերիչները, վարսահարդարներն ու խոհարարները։ Նախկին պրոֆտեխ, հիմա՝ արհեստագործական պետական ուսումնարանը միակն է Արմավիրի մարզում, որ ութ արհեստների գծով մասնագետներ է պատրաստում։ Ոսկերչությունը վերջերս են սկսել ուսուցանել։
Հրաչյա Նալբանդյան (արտադրական ուսուցման վարպետ) - Ամեն զարդի մեջ շունչ ու հոգի են դնում, որ զարդը կյանք ունենա։
Խառատի մասնագիտությամբ հետաքրքրվածներն էլ քիչ չեն։ Սովորողների կարծիքով՝ սա այն արհեստն է, որին պետք է տիրապետի յուրաքանչյուր տղամարդ։ Մի քանի օրից բանակ մեկնող Մայիսը, օրինակ, չգիտի՝ ծառայությունից հետո կշարունակի՞ որակավորում ստանալ հենց այս մասնագիտության գծով, թե՞ այլ արհեստ կընտրի, բայց մի բանում վստահ է․
Մայիս Վարդանյան (ուսումնարանի սան) - Թեկուզ չշարունակեմ այս գործը, բայց այն ինձ գիտելիքներ կտա գոնե իմ ընտանիքում կիրառելու համար։
Ուսումնական հաստատությունը նախկինում գյուղատնտեսական ուղղվածություն է ունեցել։ Բայց հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և հիմնական դպրոցից հետո արհեստներ սովորելու պատանիների ու աղջիկների ցանկությունը՝ ուսումնարանի ղեկավարությունը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ որոշ մասնագիտությունների գծով դասավանդման լիցենզիա ստանալու խնդրանքով։
Մանուկ Նազարյան (Էջմիածնի արհեստագործական ուսումնարանի տնօրեն) - Խոհարարական գործ, վարսահարդարում, ոսկերչություն, խառատային գործ՝ այս չորս մասնագիտությունները նոր են մեր մոտ, մոտ 20 ուսանող ունենք այդ խմբերում։
Վերջերս էլ կրթական հաստատությունը հուշագիր է ստորագրել միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցող Ռազմավարական զարգացման գործակալության հետ։ Դրա շրջանակներում սաները սովորելուն զուգահեռ նաև կաշխատեն ուսումնարանի գործընկեր կազմակերպություններում։
Մանուկ Նազարյան - Աշխատելու ընթացքում երեխաները վարձատրվելու են, որը համարվելու է աշխատանքային ստաժ, ու ավարտելուց հետո աշխատանքային ստաժի պարտադիր պայմանն այս դեպքում լուծված է լինելու։
Շնորհիվ նոր բացված խմբերի՝ նախկին 70-ի փոխարեն պետական հաստատությունը հիմա 150 սան ունի։ Տղաների ամենասիրած վայրը ուսումնարանի ավտոպարկն է․ շահագործման հույսով քանդում-հավաքում են գործածությունից դուրս եկած մեքենաները։
Վաղարշապատի համայնքապետարանն էլ տրանսպորտի հարցն է լուծել, որ երիտասարդները տեղափոխման դժվարություն չունենան։ Իսկ որպեսզի ուսումնարանի՝ երբևէ չնորոգված շենքը գեղեցիկ ու մաքուր լսարաններ ունենա, հաստատության ղեկավարությունը տնտեսած միջոցներով մասնակի նորոգումներ է անում։ Ամիսներ առաջ էլ, դարձյալ տնտեսած միջոցներով արևային կայան են տեղադրել և այնքան էլեկտրաէներգիա են արտադրում, որ նույնիսկ վաճառում են։ Ստացած գումարը ներդնելու են այլ գաղափարների իրագործման մեջ։