Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազարի հայերին Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտումից փրկելու համար:
«Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ։
Օրինակ՝ Ադրբեջանը պնդում էր, որ իրենք ցանկանում են ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին, և որ նրանք իրենց քաղաքացիներն են։
Միջազգային հանրությունը Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։ Դրան ի պատասխան՝ մինչ քրիստոնյա հայերին ինտեգրելը, Ադրբեջանը նրանց սպանում է՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, այնուհետև ոչնչացնում է քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։
Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցնում է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն գրանցվել են սովի պատճառով երեխաների մահվան դեպքեր։
Բնականաբար, այս քայլերով Ադրբեջանը իրականացնում է միջազգային քրեական հանցագործություն՝ բոլորին հասկացնելով, որ վստահության ամրապնդման միջոցներ չի ձեռնարկում։ Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ վարվող քաղաքականությունն ուղղված է ոչ թե հայ ժողովրդի ինտեգրմանը, այլ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն՝ վերջին հաշվով այն վերածելով հողակտորի՝ առանց ժողովրդի։
Այս ակնհայտ փաստերի ճնշման տակ, որոնք արդեն իսկ ապացուցված են հանգամանքներով, միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարության ինստիտուտները կամ պետք է ընդունեն, որ իրենք մեղսակից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ 120000 քաղաքացիների, այդ թվում՝ 30000 երեխաների սովին, սպանություններին և էթնիկ զտումներին, կամ հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ այդ հանցագործությունները։
Հակառակ դեպքում 21-րդ դարը կնշանավորվի մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային խախտմամբ, ավելի որոշակի՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը միջազգային հանրությունը դեռ կարող է կանխել»: