Եվրամիությունը չի կարող 2024 թվականին ընդունել Թուրքիային, քանի որ ԵՄ-ին միանալու գործընթացը ժամանակ է պահանջում, ասել է Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։
«ԵՄ-ին անդամակցելու գործընթացը տարիներ է տևում, ոչ թե ժամեր»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ն դեռ պատրաստ չէ Թուրքիային տրամադրելու նույնիսկ առանց վիզայի ռեժիմ։
«Վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կայացնում են անդամ երկրներն այն բանից հետո, երբ տվյալ պետությունը բավարարում է բոլոր անհրաժեշտ չափանիշները, ներառյալ՝ մարդու իրավունքներն ու քաղաքական ազատությունները»,- ասել է Ստանոն։
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, պայմանով, որ «Եվրամիությունը բացի դռները Թուրքիայի առջև»։ Նա հավելել է, որ այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ ասել էր, որ Շվեդիան խոստացել է «ակտիվորեն աջակցել Եվրամիություն մտնելու Անկարայի ջանքերին»։
Մեկնաբանելով Էրդողանի հայտարարած պայմանները՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը նշել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդլայնումը «տարբեր առանձին գործընթացներ են»։
Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Անկարայի՝ Եվրամիություն մտնելու հարցով բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն շուտով փակուղի են մտել։