Թուրքիայի իշխանությունը մտադիր է Ստամբուլը նախապատրաստել հնարավոր երկրաշարժի: Այդ մասին հուլիսի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օզասեքը: Նախարարի խոսքով՝ սեյսմոլոգները զգուշացնում են, որ ամիսներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ֆոնին հնարավոր է, որ Ստամբուլում ևս ավերիչ ցնցումներ գրանցվեն:
«Հանդիպել ենք քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Ստամբուլի թաղամասերի ղեկավարների հետ, եկել ենք սկզբունքային համաձայնության ու որոշել ենք հաջորդ շաբաթվանից սկսել համապատասխան աշխատանքները»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ մեգապոլիսը սեյսմիկ վտանգի տեսնակյունից «աշխարհի ամենառիսկային քաղաքների տասնյակում է»։
Հուլիսի 13-ին հայտնի է դարձել, որ գիտնականները Ստամբուլում և Մարմարա ծովի շրջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ են կանխատեսում, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար: Մինչև 2030 թվականը նման ցնցման հավանականությունը մոտ 50% է։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ: