Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին այսօր արտահերթ նիստում ի գիտություն ընդունեց նախկին ղեկավար, դաշնակցական Արծրունի Իգիթյանի պաշտոնավորումը վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը և համայնքի նոր ղեկավարի ընտրություն անցկացրեց։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Զավեն Մանուկյանը 15 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվեց համայնքի նոր ղեկավար։
Զավեն Մանուկյանը ճեպազրույցի ընթացքում շնորհակալություն հայտնեց նախկին համայնքապետին, ասաց՝ սկսելու են գույքագրումից:
Զավեն Մանուկյան (Ախուրյան համայնքի ղեկավար) - Բացերը շատ են, պետք է գույքագրել և սկսել լուծել, ծրագրերը սկսելու ենք` բնակչի կարծիքից ելնելով, թե որն է ավելի անհրաժեշտ:
Ախուրյանի ավագանին ձևավորվել էր 2021 թ դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում։ Մասնակից երեք քաղաքական ուժերից ոչ մեկին չէր հաջողվել միանձնյա իշխանություն ձևավորել։ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները հուշագիր էին ստորագրել, և 27 տարի համայնքը ղեկավարած Արծրուն Իգիթյանին համայնքապետ ընտրել: Մեկ ու կես տարի պաշտոնավարելուց հետո Իգիթյանը նախորդ շաբաթ հրաժարական ներկայացրեց՝ որպես պատճառ նշելով առողջական խնդիրները: Ոչ նա, ոչ էլ իր ղեկավարած «Ախուրյան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր դահլիճում չէին, իսկ նրանց միացած «Հաղթանակ» դաշինքի ղեկավարը չցանկացավ մեկնաբանել Իգիթյանի հրաժարականը, փոխարենն ասաց, որ ինքն էլ կազատվի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից, կշարունակի մնալ ավագանու անդամ։
Կարեն Արշակյան (Ախուրյանի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար) - Կոնկրետ ճնշում մեր թիմի հաղթանակի նկատմամբ չեմ տեսել, եթե «Ախուրյան» դաշինքի եթե եղել է, ճիշտ կլինի` պատասխանի ինքը, ավելի ճիշտ կլինի, եթե մեր թիմից ինչ-որ մեկը չի անցել մյուս կողմ։
13 մանդատ ունեցող ՔՊ-ի թեկնածուին կողմ է քվեարկել Արծրունի Իգիթյանի ղեկավարած Ախուրյան դաշինքի 2 անդամ։ Նրանք խոսել չցանկացան, իսկ նորընտիր համայնաքպետը հայտարարեց.
Զավեն Մանուկյան - Ամբողջ գործընթացը` օրենքի տառին համապատասխան, օրենսդրության համաձայն, ստեղծվեց հարթակ` ՔՊ թեկնածուի շուրջ համախմբվելու, և երկու անդամները միացան այդ համաձայնագրին, ոչ մի պարտադրանք և խոստում չի եղել:
Նորընտիր համայնքի ղեկավարը խոստացավ լուծել Ախուրյանում կառավարման ճգնաժամը։ Նշեց՝ մարդիկ, որոնք մրցույթով են ընտրվել պաշտոններում, կշարունակեն աշխատել, իսկ հայեցողական պաշտոն զբաղեցնողները պետք է հեռանան: