«Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում շատ լուրջ դրական փոփոխություններ են կատարվել, և այսօր Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները գտնվում են որակական բարձր մակարդակի վրա»։ Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ հուլիսի 18-ին հանդիպելով Վրաստանի Հանրապետության Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ գյուղերի մի շարք հայկական դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ։ Նա հորդորել է երեխաներին լավ սովորել, բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի ուսումնական հաստատություններում, աշխատանքի անցնել ու պաշտոններ զբաղեցնել հարևան երկրում, դառնալ Վրաստանի արժանապատիվ քաղաքացիներ, ինչը հնարավորություն կտա առավել սերտացնել երկուստեք հարաբերությունները բոլոր ուղղություններով։
«Վրաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի դառնալն առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի համար»,- նշել է ԱԺ պատգամավորը և հորդորել պահպանել ամենօրյա սերտ կապը մայր հայրենիքի հետ։
Խոսելով տարածաշրջանային խնդիրներից՝ նա փաստել է, որ դիմակայելու համար առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ու Վրաստանը պարտավոր են լինել ջերմ ու բարեկամական երկրներ։ Ըստ նրա՝ Հայաստանի համար անչափ կարևոր է Վրաստանի հետ գործակցության զարգացումն ու խորացումը։
Բազմազգ Վրաստանի տարածքում հայերի և ադրբեջանցիների վերաբերյալ հարցի առնչությամբ նա նշել է, որ անհրաժեշտ է սադրանքների չտրվել և ադրբեջանցիների հետ առաջնորդվել համակեցության կանոնների համաձայն։