Աշխարհում պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ երեկ Մոսկվան հայտարարեց, որ դադարեցնում է մասնակցությունն Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև 2022 թվականին կնքված հացահատիկի գործարքին, քանի որ համաձայնագրի՝ ռուսական հատվածը կյանքի չի կոչվում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը փորձում է որպես զենք օգտագործել սովը և պարենային շուկայի ապակայունացումը։
«Վտանգվում է 400 միլիոն մարդու կյանք, որոնք կախված են ուկրաինական սննդամթերքի արտահանումից։ Առավել կրիտիկական իրավիճակ է աֆրիկյան և ասիական մի շարք երկրներում»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը տեղեկացրել էր, որ պաշտոնական ուղերձներ է հղել Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ առաջարկելով շարունակել հացահատիկի գործարքը կամ այլընտրանքային եռակողմ ձևաչափ մշակել՝ առանց Ռուսաստանի մասնակցության։