Ղրիմի կամրջի վրա հարձակման ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ռուս զինվորականները կանխել են Ղրիմի դեմ Ուկրաինայի ահաբեկչական փորձը: Գերատեսչության տվյալով՝ Ղրիմի ուղղությամբ 28 անօդաչու թռչող սարք է արձակվել, դրանք ոչնչացվել են, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Երեկ էլ տեղի ունեցածի հետ կապված Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, հայտարարել՝ Ղրիմի կամրջի թիրախավորումը, որի հետևանքով 2 զոհ կա, Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունն է: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռազմական տեսանկյունից դա անիմաստ է, քանի որ Ղրիմի կամուրջը երկար ժամանակ է՝ ռազմական փոխադրումների համար չի օգտագործվում:
«Ռուսաստանն իհարկե կպատասխանի, պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է մշակում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը տեղեկացրել է Պուտինին, որ դեպի Թաման ավտոմոբիլային հատվածն ամբողջությամբ ավերվել է և վերականգնման ենթակա չէ: Այդ ուղղությամբ կամրջի մյուս գիծն արդեն գործարկվել է: Երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով։
Ուկրաինայի արտգործնախարարը ևս մեկնաբանել է Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ռուս զավթիչները Կերչի կամուրջը հիմնականում օգտագործում են ռազմական նպատակներով, ուստի այն պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Մենք նաև պետք է հիշենք, որ այդ կամուրջն անօրինական կառույց է»,- նշել է Դմիտրո Կուլեբան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է միջադեպի շուրջ զարգացումներին, նա հավելել է՝ Ուկրաինան ինքնուրույն պետք է որոշի՝ ինչպես պատերազմ վարել: