ԲԱՅՐԱՄՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ ՌԴ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին:
Կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Բայրամովը նշել է, թե իբր Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումնանիտար ճգնաժամի մասին պնդումները «խեղաթյուրում են իրականությունը»։
Հատկանշական է, որ հունիսի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել էր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հետ։ Կողմերը քննարկել էին իրավիճակը Հարավային Կովկասում, Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան վերահաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաարգելափակման, դրանով երկու ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԵԽԽՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
Եվրոպական խորհրդարանը հրապարակել է «Թափանցիկության, ազնվության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխման վերաբերյալ հանձնարարականներ» բանաձևը, որում առանձին անդրադարձ կա Ադրբեջանին:
«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների վրա ազդելու լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող», - ասված է փաստաթղթում:
Բանաձևը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանին հաջողվել է դադարեցնել երկրում ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև «մաքրել» իր վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում:
ՌԴ-Ն ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆԸ. ՊՈՒՏԻՆ
Ղրիմի կամրջի վրա հարձակման ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ գիշերը ռուսական ուժերը կանխել են Ղրիմի դեմ Ուկրաինայի կողմից մեկ այլ հարձակում: Գերատեսչության տվյալով՝ Ղրիմի ուղղությամբ 28 անօդաչու թռչող սարք է արձակվել, դրանք ոչնչացվել են, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Երեկ էլ տեղի ունեցածի հետ կապված Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, հայտարարել՝ Ղրիմի կամրջի թիրախավորումը, որի հետևանքով 2 զոհ կա, Կիևի հերթական ահաբեկչությունն է: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռազմական տեսանկյունից դա անիմաստ է, քանի որ Ղրիմի կամուրջը երկար ժամանակ է՝ ռազմական փոխադրումների համար չի օգտագործվում:
«Ռուսաստանն իհարկե կպատասխանի, պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է մշակում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը տեղեկացրել է Պուտինին, որ դեպի Թաման ավտոմոբիլային հատվածն ամբողջությամբ ավերվել է և վերականգնման ենթակա չէ: Այդ ուղղությամբ կամրջի մյուս գիծն արդեն գործարկվել է: Երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով։
Ուկրաինայի արտգործնախարարը ևս մեկնաբանել է Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ռուս զավթիչները Կերչի կամուրջը հիմնականում օգտագործում են ռազմական նպատակներով, ուստի այն պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Մենք նաև պետք է հիշենք, որ այդ կամուրջն անօրինական կառույց է», - նշել է Դմիտրո Կուլեբան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է միջադեպի շուրջ զարգացումներին, նա հավելել է՝ Ուկրաինան ինքնուրույն պետք է որոշի՝ ինչպես պատերազմ վարել:
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Լարված է իրավիճակը նաև աշխարհում պարենային անվտանգության հետ կապված՝ այն բանից հետո, երբ երեկ Մոսկվան հայտարարեց, որ դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև 2022 թվականին կնքված հացահատիկի գործարքին, քանի որ համաձայնագրի՝ ռուսական հատվածը կյանքի չի կոչվում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
«Սևծովյան նախաձեռնությունը պետք է շարունակվի: Անտինիու Գուտերեշի հետ պայմանավորվել ենք աշխատել պատասխանատու պետությունների հետ՝ ապահովելու պարենային անվտանգությունը և վերականգնելու սննդի մատակարարումը Սև ծովի երթուղիներով»,- նշել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է որպես զենք օգտագործել սովը և պարենային շուկայի ապակայունացումը։
«Վտանգվում է 400 միլիոն մարդու կյանք, որոնք կախված են ուկրաինական սննդամթերքի արտահանումից։ Առավել կրիտիկական իրավիճակ է աֆրիկյան և ասիական մի շարք երկրներում», - մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը տեղեկացրել էր, որ պաշտոնական ուղերձներ է հղել Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ առաջարկելով շարունակել հացահատիկի գործարքը կամ այլընտրանքային եռակողմ ձևաչափ մշակել՝ առանց Ռուսաստանի մասնակցության։
ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ եռօրյա շրջագայության շրջանակում պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը: Բանակցություններից հետո կողմերը էներգետիկայի, ներդրումների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։ Բացի այդ՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը երկու պայմանագիր է կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության հետ։
Թուրքիայի նախագահը կայցելի նաև Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Էրդողանի շրջագայությունը կտևի մինչև հուլիսի 19-ը։
Թուրքական րատվամիջոցները գրում են, որ Էրդողանն ակնկալում է նավթ արդյունահանող արաբական երկրների հետ ավելի քան 50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր ստորագրել: