ԱՆԴՐԱԴԱՐՁ ԵԽԽՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
Եվրոպական խորհրդարանը հրապարակել է «Թափանցիկության, ազնվության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխման վերաբերյալ հանձնարարականներ» բանաձևը, որում առանձին անդրադարձ կա Ադրբեջանին:
«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների վրա ազդելու լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող», - ասված է փաստաթղթում:
Բանաձևը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանին հաջողվել է դադարեցնել երկրում ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև «մաքրել» իր վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում:
ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ ԱԼԻԵՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ
Եվրախորհրդարանի` ԶԼՄ-ների հարցերով աշխատանքային խմբի համանախագահները խստորեն դատապարտել են այն փաստը, որ Իլհամ Ալիևը սպառնում է իր ավտորիտար ռեժիմը քննադատող բլոգերներին և ակտիվիստներին, հետապնդում լրագրողներին:
Նշվում է, որ Ադրբեջանը ներքաշվել է եվրոպական էներգետիկ սկանդալների մեջ: Համանախագահները շեշտել են՝ կոռուպցիոն հանցագործությունների համար Ալիևին մեղադրում են նույնիսկ Ադրբեջանում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
Իլհամ Ալիևն ընդունել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Բարզանիի այցը կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը: Անդրադարձ է եղել այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած Ալիև-Բարզանի հանդիպմանը և Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում Իրաքի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցին։
Քննարկվել են Ադրբեջանի և Իրաքյան Քրդստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, էներգետիկ ոլորտում շփումների, զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման, ուղիղ ավիաչվերթների բացման և այլ հարցեր:
ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել հացահատիկի գործարքի շուրջ զարգացումները։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նախարարները դիտարկել են կարիքավոր երկրներին հացահատիկի մատակարարման այլ տարբերակներ՝ որպես այլընտրանք սևծովյան գործարքին, որից դուրս գալու մասին Մոսկվան հայտարարել է երեկ:
Լավրովը թուրք գործընկերոջը ներկայացրել է գործարքի դադարեցման պատճառները, այդ թվում` ռուսական բանկային համակարգի արգելափակումը, արտասահմանյան ակտիվների սառեցումը և Ռուսաստանից գյուղմթերքի ու պարարտանյութերի արտահանման խոչընդոտումը։
ՍԵՎԾՈՎՅԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՆ. ՊԵՍԿՈՎ
Առանց Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների սևծովյան գործարքը շարունակելու փորձերը ռիսկային են, քանի որ հացահատիկի միջանցքը հարում է ռազմական գործողությունների գոտուն՝ հայտարարել է Դմիտրի Պոսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի առաջարկը՝ շարունակելու գործարքը Կիև-Անկարա-ՄԱԿ ձևաչափով:
Կրեմլի խոսնակը պնդել է՝ Ուկրաինան օգտագործում է սևծովյան միջանցքը ռազմական նպատակներով։ Նա հավելել է՝ Մոսկվան այժմ էլ պատրաստ է անվճար մատակարարումներ իրականացնել կարիքավոր երկրներ՝ փոխարինելով ուկրաինական հացահատիկը:
Պաշտոնյայի խոսքով՝ հացահատիկի գործարքը երկարաձգելու թեմայով Ռեջեփ Էրդողանի հետ շփումներ Վլադիմիր Պուտինի օրակարգում չկան:
Պոսկովն անդրադարձել է նաև Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել՝ դրա հարձակման համար մեղավոր է Կիևը:
ՌԴ-Ն ՀԱՐՎԱԾԵԼ Է ՕԴԵՍԱՅԻ ԵՎ ՆԻԿՈԼԱԵՎԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ. ԿՈՆԱՇԵՆԿՈՎ
Ռուսաստանի Զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերով պատասխան հարված են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի օբյեկտներին, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: Իգոր Կոնաշենկովը պնդել է՝ այդ տարածքներում ուկրաինական կողմը ահաբեկչություն էր նախապատրաստում։
Նրա խոսքով՝ ռուսական ուժերը ուկրաինական բանակի համար նախատեսված 70 հազար տոննա ընդհանուր ծավալով վառելիքի պահեստներ է ոչնչացրել:
Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ ռուսկան անօդաչուների հարվածների պատճառով Օդեսայում խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի Ղրիմի կամրջի պայթեցմանը, նա նշել էր, որ պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է մշակում: