ՀՀ-ում տարեցտարի պակասում է շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում սովորելու ցանկություն ունեցողների թիվը, փոխարենը երիտասարդներին ավելի շատ հրապուրում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, իրավագիտությունը: Ամենապահանջված ֆակուլտետները երկու տարի անընդմեջ գրեթե չեն փոխվում:
Հռիփսիմե Միքայելյան (ԳԹԿ համակարգչային բաժնի առաջատար մասնագետ) - Այս տարի, հերթականությամբ եմ ասում, «Բուժական գործ», «Կառավարում»՝ Տնտեսագիտականի, Տնտեսագիտականի ֆինանսներ, ԵՊՀ «Իրավագիտություն». նույն մասնագիտություններն են, ինչ որ անցյալ տարի:
ԳԹԿ տվյալների համաձայն, «Բուժական գործ» մասնագիտության համար Երևանի պետական բժշկական համալսարանը ունեցել է 450 տեղ 661 դիմորդ։ Պահանջված մասնագիտությունների երկրորդ հորիզոնականում Տնտեսագիտական համալսարանի «Կառավարումն» է 327 դիմորդով՝ անցած տարի այս մասնագիտությունը երրորդն էր, իսկ այս տարի երրորդ տեղում Տնտեսագիտականի «Ֆինանսներն» են` 325 դիմորդով՝ նախորդ տարի այս մասնագիտությունը հինգերորդ տեղում էր: Ցանկի չորրորդ տեղում, ինչպես և անցած տարի ԵՊՀ «Իրավագիտությունն» Է՝ 303 դիմորդով, հինգերորդը՝ Տնտեսագիտականի «Տնտեսագիտությունն» է՝ 276 դիմորդով:
Դիմորդների մասնագիտության ընտրությունը, ըստ կրթության փորձագետի, մի քանի պատճառներ ունի:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Իհարկե, շատ մեծ դեր է խաղում եկամտաբերությունը, որքանով է այդ մասնագիտությունը շուկայում գնահատվում, աշխատանք գտնելու հնարավորություններն են կարևորվում, և, իհարկե, կա, այսպես ասած, ավանդույթի կամ իներցիայի ուժ, կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը այդքան էլ մեծ չէ, օրինակ՝ տնտեսագետներ, բայց էտ իներցիայի ուժով դեռ էդ մասնագիտությունը շատերին գրավում է:
2023 թ. Հայաստանի բուհերն ունեցել են 14 450 դիմորդ՝ նախորդ տարվանից 562-ով ավելի: Սակայն ինչպես 2022-ին, այս տարի ևս կան ֆակուլտետներ, որտեղ անգամ մեկ դիմորդ չի եղել։ Բուհերում եղել են չհայտագրված մասնագիտություններ:
Հռիփսիմե Միքայելյան - Այդ մասնագիտություններից են, որոնք ընդանրապես չեն ունեցել ՀԱՊՀ-ում Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, ՃՇՀԱՀ-ում Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր: Պետական բուհերում 30 մասնագիտություն չի ունեցել ոչ մի դիմորդ:
Մասնագիտությունների պահանջարկն ապահովելու համար կառավարությունն այս տարի հաստատեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի 5 բուհերի բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական մասնագիտություններում անվճար ընդունվող ուսանողներին կտրամադրվի տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Ծրագիրը գործում է ԵՊՀ և Պոլիտեխնիկական համալսարանի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար, Հայ-ռուսական համալսարանի մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար, Ամերիկյանի և Ֆրանսիականի դեպքում միայն մագիստրատուրայի համար: ԳԹԿ մասնագետ համոզմամբ, որոշուման արդյունքները դրական էին:
Հռիփսիմե Միքայելյան - Այդ ֆակուլտետներում տարբերությունը զգացվում է անցյալ տարվա համեմատ, անցյալ տարի դիմորդների պակաս կար, նույնիսկ ազատ տեղեր մնացին, իսկ այս տարի մրցույթ է:
Օրինակ՝ եթե նախորդ տարի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 40 տեղի համար դիմել էր 24 հոգի, այս տարի 43 տեղի համար դիմել է 58-ը: Հետաքրքրությունը մեծացել է նաև «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» ֆակուլտետի նկատմամբ. 17 տեղի համար 25 դիմում: Մասնագիտությունների պահանջարկի մեծացման՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի փորձը պրոռեկտորն է ներկայացնում: Բնագիտամաթեմատիկական մասնագիտություններ ընտրելիս կրկնակի որակավորում ստանալու հնարավորություն է տրվել:
Նաիրա Սաֆարյան (ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր) - Օրինակ՝ միայն ինֆորմատիկայի ուսուցիչ չեն աշխատում, որովհետև ժամերը քիչ են, իսկ արդեն մաթեմատիկա, ինֆորմատիկա որակավորման դեպքում կարող է աշխատել: Նույնը քիմիա/կենսաբանությանն է վերաբերում:
Մանկավարժականը բարձրացրել է նաև բնագիտամաթեմատիկական մասնագիտություններ սովորողների կրթաթոշակը:
Նաիրա Սաֆարյան - Անվճար տեղերով ընդունվող դիմորդները ամսական 70 000 դրամ ստանալու են կրթաթոշակ այս ուսումնական տարվանից, բարձր առաջադիմություն ունեցողը գումարած 10 տոկոս, այսինքն՝ 77 000 դամ:
Այս տարվա ընդունելության արդյունքները պարզ կդառնան մինչև հուլիսի 18-ը: Իսկ դիմորդները, որոնք դրական միավորներ են ստացել, բայց չեն կարողացել ընդունվել իրենց նախընտրած բաժիններ, ավելի ուշ կարող են մասնակցել նաև թափուր տեղերի մրցույթին:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան